armenpress.am Հանրապետությունում քաղաքացու հաշվառման գործընթացում որևէ էական փոփոխություն չի կատարվել, այդ գործընթացն էլ խորհրդարանական ընտրությունների հետ կապ ունի զուտ տեխնիկական առումով։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին նշեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը՝ անդրադառնալով այն մտահոգություններին, որ հաշվառումների գործընթացում կատարված փոփոխությունը կարող է կապակցված լինել ընտրությունների հետ։
«Այստեղ ուզում եմ ընդգծել, որ ընտրության իրավունքը ձևավորվում է անձի ՀՀ քաղաքացի լինելու, ինչպես նաև 18 տարին լրացած լինելու հանգամանքի հետ։ Այստեղ հաշվառումը զուտ տեխնիկական դեր ունի։ Այսինքն՝ հաշվառմամբ հստակեցվում է, թե անձը որ ընտրատեղամասում է ընտրելու»,-ասաց Նելլի Դավթյանը։
Ինչ վերաբերում է կատարված փոփոխությանը, ապա Նելլի Դավթյանը տեղեկացրեց, որ դրանք կապված են թվային օրակարգի հետ՝ փոփոխությունը բացառապես վերաբերում էր փաստացի հիմունքներով հաշվառման դիմումների ընդունելությանը առցանց հարթակում։ Այսինքն՝ քաղաքացին փաստացի հիմունքներով հաշվառման դիմումը կարող է ներկայացնել առցանց, առանց ծառայության գրասենյակ այցելելու, հերթեր կանգնելու, ժամանակ կորցնելու։
«Մենք սրանով հեշտացնում ենք քաղաքացիների կյանքը։ Այնինչ, սա մանիպուլացվում է։ Բացասական համատեքստում կան գրառումներ այն մասին, թե հաշվառումը կարելի կլինի փոխել առանց Միգրացիայի ու քաղաքացիության ծառայություն այցելելու։ Բայց այստեղ որևէ խնդիր չկա, այս քայլը բխում է մեր թվայնացման օրակարգից»,-ասաց Նելլի Դավթյանը։
Անձը, որը ցանկանում է հաշվառվել այն տարածքում, որտեղ բնակվում է փաստացի հիմունքներով, դեռ 2005 թվականից հնարավորություն է ունեցել մոտենալ տվյալ տարածքը սպասարկող անձնագրային ծառայություն և հայտնել իր բնակության վայրի մասին։ Ոստիկանության տեսուչը սահմանված օրերի ընթացքում մոտենում է և փաստացի բնակությունը ստուգում է։
«Ուզում եմ արձանագրել հետևյալը. մենք պրակտիկայում չենք ունենում դեպք, երբ ոստիկանը սխալ ստուգած լինի։ Սա ուզում եմ շեշտել, որովհետև հաճախ եմ հանդիպում դիտարկումների, որ անվստահություն կա ոստիկանության տեսուչի ստուգման նկատմամբ։ Ես հավաստիացնում եմ, որ մենք չենք ունենում սխալմունքներ, առավելագույնը կարող է տեխնիկական վրիպակ լինել, ինչպես ցանկացած աշխատանքի, ծառայության դեպքում»,-ասա Նելլի Դավթյանը։
Եթե սեփականատերը չի ցանկանում, որ տվյալ անձը հաշվառվի իր հասցեում, ապա դա չի արվում։ Եթե, ամեն դեպքում, այդ հաշվառումը կատարվել է, ապա մեկ դիմումի հիման վրա խնդիրը լուծվում է։
Անդրադառնալով սոցիալական ցանցերում առկա այն գրառումներին, ըստ որոնց տվյալ անձանց հասցեում կան հաշվառված մարդիկ, որոնց նրանք չեն ճանաչում, Նելլի Դավթյանը նշեց, որ յուրաքանչյուր նման ահազանգի հետևից գնում են։
«Այն բոլոր դեպքերի հետևից, որ մենք գնացել ենք, պարզել ենք, որ ամբողջ գործընթացը իրավաչափ է եղել, և հաշվառման կարգին հակասող որևէ դրվագ չի արձանագրվել։ Օրինակ, բնակարանը տասնյակ տարիների ընթացքում մի քանի անգամ վաճառվում է։ Միշտ չէ, որ գնորդը կամ վաճառողը ուշադրություն են դարձնում հաշվառումները փոխելու հանգամանքին»,-ասաց Նելլի Դավթյանը։
Եթե ամեն դեպքում քաղաքացու հասցեում կան հաշվառված մարդիկ, որոնց նա դեմ է, ապա Նելլի Դավթյանը մեկ անգամ ևս վստահեցնում է, որևէ խնդիր չկա։ Քաղաքացին կարող է դիմում գրել ու հարցը կկարգավորվի։ Նելլի Դավթյանն ընդգծեց, որ անձի փաստացի հաշվառումից որևէ պարտավորություն ու իրավունք չի ծնվում՝ լինի դա գույքի հետ կապված, թե կոմունալ վճարումների։