Յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք, սակայն այն չի կարող ուղեկցվել բռնությամբ կամ ատելության խոսքով․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին՝ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո։ Պաշտպանը կոչ է արել ապահովել իրավաչափություն, զերծ մնալ անհամաչափ ուժից և կանխել ատելության խոսքի տարածումը։

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մարտի 30-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր՝ մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ձերբակալված անձանց հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը:

Արդյունքները կամփոփվեն և Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ` անձանց իրավունքները երաշխավորելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ներառյալ՝ իշխանությունների գործունեության վերաբերյալ քննադատական դիրքորոշում ներկայացնելու իրավունքը։ Միևնույն ժամանակ, որևէ իրավունքի իրացում չպետք է ուղեկցվի այլ անձանց, այդ թվում՝ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնությամբ, բռնության կոչերով, ատելության խոսքի դրսևորումներով և այլն։

Պաշտպանը կարևորում է դեպքի բոլոր հանգամանքների անկախ, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրությունը: Միևնույն ժամանակ, Պաշտպանը պահանջում է իրավասու մարմիններից ցանկացած գործողություն իրականացնելիս պահպանել իրավաչափության սկզբունքը, զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, երաշխավորել քաղաքացիների բոլոր իրավունքների պատշաճ իրացումն ու պաշտպանությունը: Այս առումով Պաշտպանը շարունակելու է հետևել իրավիճակին` քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է արձանագրել նաև հանրային խոսույթում ատելության և անհանդուրժողականության դրսևորումների տարածման մտահոգիչ միտումը։ Այս համատեքստում Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ իրավիճակը սրող, ատելություն կամ բռնություն հրահրող արտահայտություններից՝ հաշվի առնելով դրանց վտանգավոր ազդեցությունը հասարակական համերաշխության վրա։

Հայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ ծավալներ և օգտագործվում է գրեթե ամենօրյա ռեժիմով։ Սա չափազանց վտանգավոր միտում է, որը կարող է հանգեցնել խորքային բացասական հետևանքների։ Ուստի՝ անհրաժեշտ է համատեղ և հետևողական ջանքերով պայքարել նշված երևույթի դեմ»,- ասված է հաղորդագրությունում։

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում երեկ միջադեպ էր տեղի ունեցել, երբ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ մասնակցում էր Ծաղկազարդի օրվան նվիրված պատարագին։

Մասնավորապես, երբ վարչապետի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել․ «Տենց չնայես ինձ»,- դիմել է երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձել ձեռքով հարվածել։

Միջադեպից հետո 3 անձ է ձերբակալվել։ Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն