factor.am Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է մետրոյում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը։ Այս մասին հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։
Հիշեցնենք՝ մարտի 22-ին Նիկոլ Փաշինյանը մետրոյի գնացքով երթեւեկող կնոջ երեխային ցանկացավ Հայաստանի փոքրիկ քարտեզ նվիրել, սակայն մայրը հրաժարվեց և խնդրեց չխանգարել իրենց՝ նշելով նաեւ, որ իրենք իրենց քարտերզն ունեն, որտեղ նաեւ Արցախը կա։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը շարունակեց խոսակցությունը՝ պնդելով՝ «Ձեր տղան այս քարտեզում է ապրելու»։
«[․․․] Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներն ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ չեք մնացել։ Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,- ասաց Փաշինյանը։ Վիճաբանության ընթացքում Փաշինյանը «մատ էր թափ տալիս» քաղաքացու վրա և բարձր տոնով խոսում, ու չնայած քաղաքացու հորդորին, որ իր հետ այդկերպ եւ այդ տոնով չխոսի, Փաշինյանն ասաց՝ «ես տենց կխոսամ Ձեզ հետ»։