Եկեղեցում միջադեպի մասնակից տղաները ունեն լուրջ առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են անազատության հետ. փաստաբան | news.am

news.am  Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից տղաները ունեն լուրջ առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են անազատության հետ: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

«Տղաները այս պահին ձերբակալման վայրում են՝ ձերբակալվածի կարգավիճակով, մեղադրանք դեռևս առաջադրված չէ: Հույս ունենք, որ կգտնվեն անաչառ և բանը մեղադրանք առաջադրելուն չի հասնի։ Դավիթ Մինասյանի մասով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, կարծում եմ՝ կապված էր այն հանգամանքի հետ, որ Դավիթ Մինասյանին, ինչպես երևում է տեսագրություններում, հարվածել են»,- ասաց նա:

Հարցին, թե ո՞վ է եղել հարվածողը, փաստաբանը պատասխանել է, որ այս պահին դեռ հստակ չգիտեն:

«Գործի մանրամասների հետ կապված այս պահին որևէ պարզաբանում չունենք, մեր խնդիրը երեխաների առողջական վիճակն է, որովհետև երկուսն էլ ունեն լուրջ առողջական խնդիրներ, որոնք մեր գնահատմամբ ուղղակիորեն անհամատեղելի են անազատության հետ»,– ասաց նա։

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում երեկ միջադեպ էր տեղի ունեցել, երբ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ մասնակցում էր Ծաղկազարդի օրվան նվիրված պատարագին։

Մասնավորապես, երբ վարչապետի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել․ «Տենց չնայես ինձ»,- դիմել է երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձել ձեռքով հարվածել։

Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։ Եթե ձերբակալման 72 ժամը լրանա և մեղադրանք չառաջադրվի, ապա վերջիններս ազատ կարձակվեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն