44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի տարածքում հոկտեմբերի սկզբին իրականացված նահանջի վերաբերյալ գործով մեղադրյալ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողություն խափանման միջոցը փոխվել է․ նա նորից կմնա տնային կալանքի տակ։ Նման որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գաբրիելյանը վարչական հսկողության ընթացքում 2 անգամ չի ներկայացել Պրոբացիոն ծառայություն, ինչն անել պարտավոր էր։ Թեեւ Հովիկ Գաբրիելյանը նշեց, որ առողջական խնդիրներ է ունեցել, այդ պատճառաբանությունը նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանին չբավարարեց։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանն էլ իր հերթին նկատեց, որ Գաբրիելյանը կարող էր իր պաշտպանի միջոցով տեղեկացնել պատկան մարմնին, մինչդեռ չի արել։ Դատարանը որոշեց տնային կալանք սահմանել 3 ամիս ժամկետով։
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանի կողմից չթույլատրված նահանջ իրականացնելու գործի վերաբերյալ քննությունը։ Հովիկ Գաբրիելյանը, որ պատերազմի ժամանակ եղել է Խնձորեսկի զորամասի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարը, այժմ մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Ըստ մեղադրանքի՝ նա 2020 թ․ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, հրաժարվել է կատարել հակառակորդին դիմակայելու, նրան դիմադրություն ցույց տալու եւ վերջինիս առաջխաղացումն այդ ուղղությամբ կասեցնելու նպատակով իր ստացած հրամանները եւ առանց վերադաս հրամանատարների գիտության եւ համապատասխան թույլտվության՝ պաշտպանության անցած ենթակա անձնակազմին հրամայել է թողնել զբաղեցրած բնագիծը եւ նահանջել Հադրութ քաղաքի ուղղությամբ՝ այդ մասին չտեղեկացնելով իրենից աջ կողմում պաշտպանություն իրականացնող հատուկ նշանակության բրիգադի հրամանատար, գնդպետ Վահագն Ասատրյանին եւ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Համլետ Լեւոնյանին։
Կատարվածի հետեւանքով հարեւան ստորաբաժանումների 22 զինծառայող զոհվել է, 3-ը համարվում է անհետ կորած, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 33 միլիոն ՀՀ դրամի նյութական վնաս։
Հովիկ Գաբրիելյանը մեղադրանքը չի ընդունում։
Օրերս այս գործով որպես վկա դատարան էր ներկայացել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։ Նշենք, որ Տիրան Խաչատրյանը մեկ այլ գործի շրջանակում ձերբակալվել էր նախորդ տարի։ Մասնավորապես, մեղադրանքը վերաբերում է նրան, որ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալը՝ Տիրան Խաչատրյանը, 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ։
Ըստ մեղադրանքի՝ վերջինիս գործողությունները հանգեցրել են ԶՈւ բանակային բնագծի պաշտպանության ձախողմանը, խարխլել զորքերի կառավարման համակարգը, խափանվել է առաջադրված մարտական խնդրի կատարումը, արդյունքում հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից և անխոչընդոտ տիրացել ռազմավարական բարձունքի, ճեղքել է առկա բնագիծը, մեկ այլ դեպքում շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և զարգացնելով գրոհը՝ տիրապետության տակ է վերցրել խմբավորման պաշտպանությանը հանձնված տարածքները։
Տիրան Խաչատրյանը կալանավորվել էր նախորդ տարվա հունվարին, սակայն 1 ամիս անց՝ 2025-ի փետրվարին, Խաչատրյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել, նրան արգելվել է լքել երկիրը։
Դատարանում Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ քննարկվում էին հոկտեմբերի 4-5-ն ընկած հատվածի դեպքերը․ մասնավորապես, դատարանը փորձում է պարզել՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել նահանջը եւ ինչ հետեւանքների է այն հանգեցրել։ Քանի որ Տիրան Խաչատրյանը դատարանում հայտարարեց, որ իր ցուցմունքում պետական կամ ծառայողական գաղտնիքին առնչվող բազմաթիվ դրվագներ կան, դատարանը ԶԼՄ ներկայացուցչին խնդրեց միայն գրավոր նշումներ կատարել եւ դադարեցնել նիստի ձայնագրությունը։
Դատավարության մասնակիցները վկային մի շարք հարցեր տվեցին՝ սկսած զորքի բարոյահոգեբանական վիճակից մինչեւ որոշ հրամանների մանրամասներ։ Դատարանում քննարկվեցին նաեւ այն հարցերը՝ արդյոք Գաբրիելյանը՝ որպես հրամանատար, կարող էր միանձնյա որոշում կայացնել նահանջելու, կամ արդյոք հակառակորդը յուրային ստորաբաժանումների թիկունք է անցել հենց այն հատվածից, որտեղից դուրս է եկել Գաբրիելյանի ստորաբաժանումը, արդյոք այդ ուղղությամբ հակառակորդի գրոհ եղել է, թե ոչ եւ այլն։
Նշյալ նիստին ավարտվեց Խաչատրյանի հարցաքննությունը, հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 7-ին։
Գլխավոր լուսանկարում՝ ձախից մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, աջից՝ պաշտպան Վրեժ Խաչիկյանը