civilnet.am Համաշխարհային բանկը և ՕՊԵԿ հիմնադրամը Հայաստանին կհատկացնեն շուրջ 290 մլն դոլարի վարկային փաթեթ՝ ուղղված տնտեսության մրցունակության բարձրացմանը և արտանետումների վերահսկման համակարգերի ներդրմանը։ Ծրագրի հիմնական մասը՝ 200 մլն դոլարը, տրամադրում է Համաշխարհային բանկը, իսկ մնացած 92,8 մլն դոլարը նախատեսում է հատկացնել ՕՊԵԿ հիմնադրամը՝ որպես զուգահեռ ֆինանսավորում։ Այս մասին տեղեկանում ենք Համաշխարհային բանկի տարածած հաղորդագրությունից։
«Հայաստանի տնտեսական վերափոխման զարգացման քաղաքականության գործառնությունը» աջակցում է բազմաճյուղ բարեփոխումների օրակարգին, որն ուղղված է Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրի արդիականացմանը, մրցակցության և սպառողների պաշտպանության ամրապնդմանը, ինչպես նաև երկրի հարկաբյուջետային և կարգավորիչ համակարգերում դիմադրողականության ուժեղացմանը։
«Հայաստանն ունի հավակնոտ բարեփոխումների օրակարգ, և մենք աջակցում ենք երկրի ջանքերին՝ կառուցելու ավելի բաց, մրցունակ և կայուն տնտեսություն։ Ավելի դիվերսիֆիկացված և դիմակայուն տնտեսության անցումը կստեղծի աճի պայմաններ, որոնք բարենպաստ կլինեն յուրաքանչյուր քաղաքացու համար», – ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն:
Հաղորդագրության մեջ նշված ե, որ գործառնությունը հիմնված է երկու հենասյուների վրա։ Առաջինը կենտրոնանում է ներդրումների և առևտրի ներուժի իրացման և մրցակցության խթանման վրա։ Բարեփոխումները ներառում են ներդրումների համար իրավական շրջանակի արդիականացում, մաքսային գործընթացների արդյունավետության բարձրացում, ապրանքների ներմուծման մշակման ժամանակի 20 տոկոս կրճատում, ինչպես նաև սպառողների պաշտպանության համակարգի ուժեղացում և անարդար առևտրային գործելակերպի սահմանափակում։ Բարեփոխումները նաև աջակցում են թվային տնտեսության համար հիմնարար օրենքների ընդունմանը, ներառյալ կիբերանվտանգության կառավարման բարելավումը։
Երկրորդ հենասյան շրջանակներում իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն նպաստել ավելի դիմակայուն տնտեսության ստեղծմանը և լրացնել առաջին հենասյան բարեփոխումների օրակարգը՝ նպաստելով արտանետումների պատասխանատու կառավարման համակարգի ներդրմանը։ Հիմնական միջոցառումները ներառում են «Կլիմայի մասին» նոր օրենքի ընդունումը, որն աջակցում է պետական բյուջեում կլիմայի բյուջեի «պիտակավորման» կիրառմանը, ազգային ջերմոցային գազերի արտանետումների թույլտվությունների համակարգի ստեղծումը և կանաչ տաքսոնոմիայի ներդրումը՝ տնտեսության մեջ կայուն տնտեսական աճի գործողությունների սահմանման և դասակարգման համակարգի ստանդարտացման համար, որը կօգնի դրանց համար մասնավոր ներդրումների ներգրավմանը։
Գործառնության մշակմանն աջակցել են «Կլիմայի աջակցության հիմնադրամը» և PROGREEN հավատարմագրային հիմնադրամը, որոնք տեխնիկական և վերլուծական աջակցություն են ցուցաբերել կլիմայական բարեփոխումների բաղադրիչների համար։ Գործառնության իրականացնողն է ֆինանսների նախարարությունը։ Էկոնոմիկայի նախարարությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը, Պետական եկամուտների կոմիտեն, Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդես են գալիս որպես հիմնական աջակցող գործակալություններ։