Թրամփը պատրաստ է ավարտել պատերազմը՝ առանց Հորմուզի նեղուցը վերաբացելու․ WTJ | civilnet.am

civilnet.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հայտնել է, որ պատրաստ է դադարեցնել Իրանի դեմ ռազմական արշավը, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Վերջին օրերին Թրամփն ու իր խորհրդականները գնահատել են, որ նեղուցն ուժով բացելու առաքելությունը կերկարաձգի հակամարտությունը՝ դուրս գալով նախանշված 4-ից 6 շաբաթվա ժամկետից։ Նախագահը որոշել է, որ Միացյալ Նահանգները պետք է սահմանափակվի իր հիմնական նպատակներով՝ կազմալուծի Իրանի ռազմածովային ուժերն ու հրթիռային պաշարները, ապա ավարտի ռազմական գործողությունները։

Այնուհետև Վաշինգտոնը դիվանագիտական ճնշում կգործադրի Թեհրանի վրա՝ առևտրի ազատ հոսքը վերականգնելու համար։ Եթե այդ ջանքերը ձախողվեն, ԱՄՆ-ն կդիմի Եվրոպայի և Ծոցի երկրների իր դաշնակիցներին, որպեսզի վերջիններս ստանձնեն նեղուցի վերաբացման գործողության առաջնորդությունը։

Իրանը փակել է Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց աջակցող երկրների նավերի համար։

Իրանի խորհրդարանը նաև նոր օրենք կընդունի, որով Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճարներ կգանձվեն։

Իրանի այս որոշումը հաջորդել է փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված ռազմական գործողություններին, որոնց ժամանակ հարվածներ են հասցվել նաև Թեհրանին։ Ի պատասխան՝ Իրանը հարվածում է Իսրայելի և տարածաշրջանի մի շարք երկրներում գտնվող ԱՄՆ ռազմակայաններին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն