shantnews.am ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն անդրադարձել է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությանը Իրանի ազգային հավաքականի հնարավոր մասնակցությանը և ստեղծված իրավիճակին։
«Մենք քաջ գիտակցում ենք, թե որքան բարդ իրավիճակում է հայտնվել Իրանի հավաքականը։ Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք աշխատել և կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի աշխարհի առաջնությունում նրանց հանդիպումներն անցնեն առավելագույնս հարմարավետ պայմաններում։ Այլընտրանքային ոչ մի ծրագիր՝ ո՛չ B, ո՛չ C, ո՛չ էլ D, գոյություն չունի. կա միայն պլան A:
Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական բարդ պայմաններում, և դրա վրա ազդելը մեր ուժերից վեր է։ Սակայն մենք ի զորու ենք միավորել մարդկանց, տալ նրանց միասնությունը զգալու հնարավորություն և ստեղծել խաղաղության ու տոնի մթնոլորտ», – Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում El Financiero-ն։
ՖԻՖԱ-ի ղեկավարը հատուկ ընդգծել է նաև, որ Իրանի ազգային ընտրանին աշխարհի առաջնության իր տեղն ապահովել է նախապես և բացառապես մարզական սկզբունքով, հետևաբար միջազգային ֆուտբոլային կառույցը մտադիր է խորին հարգանքով վերաբերվել այդ արդյունքին և երաշխավորել թիմի բնականոն մասնակցությունը մրցաշարին։