armenpress.am ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները «շատ իրական են, ակտիվ և թափ են հավաքում»։ Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Fox News-ը։
Անդրադառնալով Հորմուզի նեղուցով անվտանգ անցումն ապահովելուն՝ Հեգսեթը նշել է, որ այսօր նեղուցով «ավելի շատ» նավեր են անցնում, քան օրեր առաջ։
Հեգսեթն ասել է նաև, որ ԱՄՆ-ն «սեղանին է պահում» ցամաքային զորքեր ուղարկելու տարբերակը, եթե Թեհրանի հետ բանակցություններն անհաջող լինեն։
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է հակամարտությունն իր սեփական պայմաններով դադարեցնելուն։
Նախարարը նաև նշել է, որ շաբաթվա վերջին այցելել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններին մասնակցող զորքերին, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ չի հստակեցրել կոնկրետ այցելության վայրը։
«Ուղևորությունը պատվավոր էր»,- ասել է նա՝ հավելելով, որ տեսել է «Ամերիկայի լավագույններին»։
Հեգսեթը նշել է, որ այս գործողության մեջ տեսնում է մոտիվացիա, առաքելության կենտրոնացում և աշխատանքն ավարտելու «անհետաձգելիություն»։
Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի կրակային հզորությունը մեծանում է, իսկ Իրանինը՝ նվազում։ Նրա խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփն անում է այն, ինչը ոչ մի այլ նախագահ համարձակություն չի ունեցել անել։
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանն արձակել է հրթիռների ամենացածր քանակը։
Մամուլի ասուլիսում Հեգսեթը նաև ասել է, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է Իրանի հետ համաձայնության հասնել։