Կլինի պատշաճ արձագանք. քաղաքապետարանն ուսումնասիրություն է անում թիվ 94 մանկապարտեզում | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Երևանի քաղաքապետարանը ուսումնասիրություն է կատարում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում` տնօրեն Փառանձեմ Միրիբյանի կատարած գործողություններին պատշաճ արձագանք տալու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։

Անդրադառնալով ծնողների` տնօրենին հեռացնելու ուղիղ պահանջին` Խաչատրյանը նշեց, որ այս պահին դրա հետ կապված որևէ մեկնաբանություն չի կարող տալ։

«Կարող եմ միայն ասել, որ եթե որևէ մեկն իր աշխատանքային պարտականությունների ելնելով թերացել է կամ այնպիսի սխալ է թույլ տվել, որը համատեղելի չէ իր գործունեությանը, մեր կողմից անպայման համապատասխան արձագանք կստանա, լինի դա կարգապահական տույժի, թե այլ տեսքով։ Այս պահին բոլորիս ջանքերն ուղղված են առողջ բարոյահոգեբանական միջավայրում հաստատության բնականոն գործունեության ապահովմանը»,–ասաց Խաչատրյանը։

Հարցին` արդյոք դիմում–բողոքի տակ 190 ծնողների ստորագրությունն արդեն ազդակ չէ՞, որ մանկապարտեզին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է պետք, առնվազն մինչև համապատասխան քննության ավարտը, Խաչատրյանը պատասխանեց` անշուշտ, ազդակ է գործը ուսումնասիրելու համար։ Նրա խոսքով` անկախ նրանից, թե բողոքող ծնողները շատ կլինեն, թե կլինի մեկը, միևնույնն է, եթե կա ողջամիտ և անհանգստացնող թեմա, ապա այն կլինի իրենց ուշադրության կենտրոնում։

«Քանի որ հանդիպումներ են նշանակված և՛ ծնողների, և՛ անձնակազմի հետ, վստահ կարող եմ ասել, որ պատշաճ արձագանք տրվելու է ցանկացածի գործունեությանը, եթե չի համապատասխանել այդ պաշտոնին առնչվող աշխատանքային պարտականություններին»,–ասաց Խաչատրյանը։

Նա այս պահին դժվարացավ ասել` սա տնօրենի դեմ առաջին բողոքն է, թե եղել են այլ բողոքներ, որից քաղաքապետարանը տեղյակ չէ։

Խաչատրյանն ընդգծեց` թեև մանկապարտեզը քաղաքապետարանին է ենթակա, բայց վերահսկողական լիազորությունները հիմնականում պատվիրակված են վարչական շրջանի ղեկավարին։

Հիշեցնենք՝ Երևանի թիվ 94 մանկապարտեզի սաների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում՝ պնդելով, որ նորանշանակ տնօրեն Փառանձեմ Միրիբյանը ճնշում է գործադրում մանկապարտեզի աշխատակիցների վրա, սաների ներկայությամբ ստորացնում նրանց:

Ըստ նրանց՝ Միրիբյանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում 10 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն