factor.am Չինաստանն ու Պակիստանը Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համատեղ հինգ կետանոց ծրագիր են առաջարկել։ Meduza-ի հաղորդմամբ՝ այն հրապարակվել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում՝ մարտի 31-ին Պեկինում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի և Պակիստանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իշաք Դարի միջև կայացած հանդիպումից հետո։
Չինաստանի և Պակիստանի առաջարկը նախատեսում է՝
- Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում,
- Խաղաղության բանակցությունների շուտափույթ մեկնարկ,
- Ոչ ռազմական օբյեկտների անվտանգություն, մասնավորապես, էներգետիկ ենթակառուցվածքների և ատոմակայանների վրա հարձակումների դադարեցում,
- Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության վերականգնում,
- Կայուն խաղաղություն՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակների և սկզբունքների վրա։
Axios-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք աջակցում է նոր նախաձեռնությանը։ Աղբյուրի համաձայն՝ Չինաստանն «օգտակար դեր է խաղում» Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու ջանքերում։ Axios-ը նաև նշում է, որ Պակիստանը դժվար թե նման նախաձեռնություն առաջարկեր Չինաստանի հետ համատեղ, եթե ԱՄՆ-ն դեմ լիներ։
The Wall Street Journal-ն էլ գրում է, որ այս ծրագիրը նման է երեք տարի առաջ Պեկինի կողմից ներկայացված Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ 12 կետանոց ծրագրին։ Նմանությունների շարքում նշվում է հետևյալը. ոչ մի ծրագիր հակամարտությունը պատերազմ չի անվանում և չի հիշատակում ԱՄՆ-ն. երկու ծրագրերն էլ կոչ են անում հարգել տարածքային ամբողջականությունը և ոչ մեկը չի հրապարակվել Սի Ցզինպինի անունից։ WSJ-ն սա համարում է նշան, որ Չինաստանի առաջնորդը պատրաստ չէ իր անձնական քաղաքական կապիտալը ներդնել արդյունքի համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։