«Որևէ ֆիլմ չի արգելվել։ Խոսքը գրաքննության մասին չէ, այլ պայմանագրային պարտավորությունները չկատարելու». այսպես է արձագանքել Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյաը հեռուստաընկերության պատվերով՝ Տիգրան Պասկևիչյանի ստեղծած «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի ցուցադրության արգելքի մասին հայտարարություններին։
Երեկ հայտնել էինք, որ դատարանը բավարարել է ֆիլմի օգտագործումն ու տարածումը արգելելու մասին Հանրային հեռուստաընկերության հայցը, ըստ որի՝ Տիգրան Պասկևիչյանի՝ Հանրային հեռուստաընկերության պատվերով ստեղծված «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը որևէ ձևաչափով չի ցուցադրվի։
Հանրային հեռուստաընկերության տնօրենի պարզաբանման մեջ նշված է, որ «պատվիրվել է ֆիլմ, սահմանվել են հստակ ժամկետներ, և ֆիքսվել է եթերի օր, սակայն հեղինակը չի հանձնել ֆիլմը պայմանագրով նախատեսված ժամկետում»։
«Չնայած դրան՝ որոշ ժամանակ անց հեղինակը սկսել է ֆիլմը ցուցադրել առանց իրավատիրոջ՝ Հանրայինի թույլտվության։ Եվ միայն այն պահին, երբ այդպիսի ցուցադրություններից մեկում հեղինակը սկսել է հրապարակային մեղադրանքներ հնչեցնել Հանրայինի հասցեին, առաջացել է անհրաժեշտություն իրավական արձագանքի։ Այդ պատճառով Հանրայինը դիմել է դատարան՝ պաշտպանելու իր իրավունքները։ Հատկանշական է նաև, որ դատական գործընթացի ընթացքում հենց հեղինակը փորձել է հաշտության գնալ։ Տհաճ է, երբ այս պարզ իրավական հարցը ներկայացվում է որպես «արգելված ֆիլմի» պատմություն և զուգահեռաբար հնչում են անհարկի վիրավորանքներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննես Մովսիսյանը:
Նա նաև նշել է, որ քննարկում են ֆիլմը հասանելի դարձնելու տարբերակները, որ բոլորը կարողանան ինքնուրույն գնահատել իրավիճակը։