armenpress.am Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այսօր պետք է որոշում կայացնի Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերման վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Այսպես է Պեսկովն արձագանքել Ուկրաինայի նախագահի խոսքերին, որ Մոսկվան Կիևին երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից դուրս գալու համար։
«Ինչ վերաբերում է երկու ամսվան, ապա դա երկու ամսվա հարց չէ։ Զելենսկին այսօր պետք է որոշում կայացնի Դոնբասից և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչական սահմաններից ուկրաինական զորքերի դուրսբերման վերաբերյալ», – ասել է նա՝ ի պատասխան Զելենսկու հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին։
Պեսկովն ընդգծել է, որ Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը բազմիցս քննարկվել է, և «տեսականորեն Զելենսկին պետք է նման որոշում կայացրած լիներ դեռ երեկ, ինչպես մենք ասել ենք՝ պատասխանատվություն կրեր և նման դժվար որոշում կայացներ»։
Կրեմլի խոսնակը նշել է, որ Զելենսկու նման որոշումը կարող է փրկել բազմաթիվ մարդկանց կյանքեր և, ամենակարևորը, «թույլ տալ մեզ դադարեցնել այս պատերազմի թեժ փուլը»։
Պատասխանելով Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև իրավիճակի կարգավորմանն ուղղված եռակողմ բանակցությունների դադարեցման վերաբերյալ հարցին՝ Պեսկովն ասել է, որ դա պայմանավորված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններով, քանի որ ամերիկյան բանակցողներն այժմ զբաղված են այդ գործերով։
Միևնույն ժամանակ, կողմերի միջև ռազմական գործողությունները շարունակվում են: Ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են գրեթե 340 անօդաչու թռչող սարք: Երկրում կան զոհեր և վիրավորներ: Ռուսաստանն էլ հայտնել է ուկրաինական 40-ից ավելի ԱԹՍ խոցելու մասին: Բելգորոդի մարզում կա 1 զոհ, վիրավորներ:
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերահսկողության տակ է վերցրել Լուգանսկի ամբողջ շրջանը: Ուկրաինական կողմն այս տեղեկությունն առայժմ չի մեկնաբանել:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մարտի 31-ին հայտարարել էր, որ ռուսական կողմը նույնիսկ ներկայացրել է ուկրաինական զորքերի դուրսբերման հստակ ժամանակացույցը։
«Ռուսները ամերիկյան կողմին ասում են՝ այժմ նոր ժամկետներ կան, մենք երկու ամսից գրավելու ենք Դոնբասը։ Այդ իսկ պատճառով կա՛մ Ուկրաինան լքում է այդ տարածքները, կա՛մ էլ երկու ամսից խաղաղության հաստատման միանգամայն այլ նախապայմաններ են լինելու»,- նշել էր նա։