Մոսկվան բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու համար․ Զախարովա | civilnet.am

civilnet.am Մոսկվան բանակցություններ չի վարում ո՛չ Աստանայի, ո՛չ էլ Երևանի հետ՝ Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու համար։ Այս մասին ապրիլի 1-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«2008-ին կնքված կոնցեսիոն համաձայնագրի ժամկետը 30 տարի է՝ ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Արդեն երկար տարիներ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պատասխանատվությամբ կատարում է այս պայմանագրի դրույթները, իսկ ռուսական ներդրումները հանրապետական ճանապարհային ենթակառուցվածքում կազմել են ավելի քան 30 միլիարդ ռուբլի։ Ինչ վերաբերում է բարձր մակարդակի բանակցություններին, ապա նախագահի աշխատակազմը, ինչպես միշտ, մեկնաբանում է դրանք», – ասել է Մարիա Զախարովան։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի պարզաբանումներին նախորդել էին հայկական մամուլում շրջանառվող լուրերն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը հայտարարել էր, որ հայկական կողմը դեմ չի լինի, եթե պարզվի, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կա փոխըմբռնում, որ ղազախական ընկերությունն ընդունելի է երկու կողմի համար։

«Մենք դեմ չենք լինի, եթե պարզվի, որ մեր և Ռուսաստանի միջև կա փոխըմբռնում, որ ղազախական ընկերությունը ընդունելի է երկուսիս համար։ Այժմ բանակցությունները ընթանում են մի փոքր այլ կերպ, քանի որ ռուս գործընկերները դեռ չեն ասել՝ «լավ, եկեք անենք դա»։ Նման գաղափարներ գոյություն ունեն, բայց դրանք դեռ պարզապես թևածող գաղափարներ են», – ասել էր վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն