armenpress.am ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագիրը նոր հնարավորություններ է բացել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և միջազգային գործընկերների ներգրավվածությունը նոր փուլ են ձևավորել տարածաշրջանում։
«Անցյալ տարվա օգոստոսին, երբ ես վերադարձա Վաշինգտոնից և զանգահարեցի ձեզ, ասում էի, որ այնտեղ տեղի ունեցածը նոր հնարավորություններ է բացում նաև մեր հարաբերությունների համար»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ այդ գնահատականը այժմ արդեն փաստ է դարձել։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ այդ գործընթացներում կարևոր դեր են ունեցել տարբեր դերակատարներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այս բոլոր գործընթացներում մենք մշտապես եղել ենք սերտ կապի մեջ, և ես պարբերաբար տեղեկացրել եմ ընթացող զարգացումների մասին»,- նշել է նա։
Վարչապետի խոսքով՝ այդ նոր հնարավորությունների կոնկրետ արդյունքներից մեկը դարձել է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային կապի վերականգնումը՝ Ադրբեջանի տարածքով։
«Այս թեմայի շուրջ մենք աշխատել ենք տասնամյակներ, բայց երբեք չէր հաջողվել նման որոշման հասնել»,- ասել է Փաշինյանը։