Մոսկվան ուշադրությամբ հետևում է Մեծամորի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակին․ Օվերչուկ | civilnet.am

civilnet.am Մոսկվան ուշադրությամբ հետևում է Մեծամորի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակին և Հայաստանի ատոմային էներգետիկայի ապագայի շուրջ տեղի ունեցողին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք չենք կարող չնկատել այն, ինչ տեղի է ունենում Մեծամորի ԱԷԿ-ի գործողության ժամկետի երկարաձգման և այս երկրում ատոմային էներգետիկայի ապագայի շուրջ»,- նշել է նա։

Անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացմանը՝ Օվերչուկն ասել է, թե մասնավոր սեփականության բռնագրավումը բացասաբար է անդրադառնում երկրի ներդրումային գրավչության վրա։

«Ինչպիսին էլ լինի այս իրադարձությունների ենթատեքստը և ով էլ լինի այդ ռուսաստանյան ներդրողը, սեփականության իրավունքն առաջնային է, այն ընկած է ցանկացած հարաբերությունների հիմքում։ Պետության կողմից մասնավոր սեփականության առգրավումը Հայաստանն ավելի գրավիչ չի դարձնում օտարերկրյա ներդրողների համար»,- ասել է Օվերչուկը։

Ըստ ՌԴ փոխվարչապետի՝ անկախ ներդրողի ազգությունից, գործարարները կհասկանան, որ եթե նման բան արվել է մեկի հետ, ապա չկան երաշխիքներ, որ այն չի կրկնվի մյուսների նկատմամբ։

«Համապատասխանաբար, նրանց կողմից երկրի ներդրումային ռիսկերը կգնահատվեն որպես ավելի բարձր, Հայաստանում ակտիվների արժեքը կգնահատվի ավելի ցածր, քան կարող էր լինել, իսկ գործարարների ձգտումը՝ ստանալ առավելագույն օգուտ հնարավորինս սեղմ ժամկետներում՝ ավելի բարձր։ Սա շուկայական տնտեսության աշխատանքի տրամաբանությունն է»,- նշել է Օվերչուկը՝ հավելելով, որ ի վերջո սրանք հայ գործարարների և սպառողների ներքին խնդիրներն են։

Հայաստանը հստակեցրել է իր դիրքորոշումը նոր ատոմակայանի հարցում՝ ընտրելով մոդուլային տարբերակը և դիտարկելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Կորեայի ու Ֆրանսիայի առաջարկները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն