Շահրամանյանը «զառանցանք» որակեց արցախցիների «փախչելու» մասին Փաշինյանի պնդումը | azatutyun.am

azatutyun.am Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը «զառանցանքներ» որակեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե արցախցիների ղեկավարության կռվելու մասին պնդումները միֆ են:

Ըստ Շահրամանյանի՝ նման «սադրիչ» խոսույթների նպատակն է պառակտել և հասարակության մեջ անհանդուրժողականություն սերմանել:

«Այս միֆերը՝ կռվել են մինչև վերջ և այլն, սուտ են, չի եղել այդպիսի բան, փախել են, ճողոպրել են», – նախորդ շաբաթ ճեպազրույցում հայտարարել էր Փաշինյանը:

Շահրամանյանը նշել է, որ Հայաստանի գործող իշխանություններն են 2020-ի պատերազմի ժամանակ եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում. «Իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում, և հայ ժողովուրդը կորցրել է Արցախը»:

Փաշինյանն ասել էր՝ անհրաժեշտ լինի, այդ մասին տվյալները կգաղտնազերծի: 2023-ին՝ Ղարաբաղի վրա ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման ընթացքում վարչապետը վստահեցրեց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, ու Հայաստանը ներքաշված չէ ռազմական գործողությունների մեջ:

Շահրամանյանն այսօր ասաց՝ ՀՀ անվտանգությունն առաջնահերթություն է, արցախցիներն այսօր փորձում են ամեն ինչ անել՝ առիթ չդառնալու ռազմական գործողությունների, սակայն իրավունք ունեն բարձրաձայնել իրենց վերադարձի միջազգային իրավունքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն