arm.sputniknews.ru Պետական անվտանգության ծառայության աշխատակիցը նրա համար է, որ գնահատի իրավիճակն ու ըստ անհրաժեշտության և՛ ուժ գործադրի, և՛ եթե պետք է՝ զենք։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Լրագրողը հարցրել էր՝ եթե 18-ամյա երիտասարդը կալանավորված է, ապա ինչու՞ չի կալանավորվել նաև ՊՊԾ աշխատակիցը, որը հարվածել է տղային։
«ՊՊԾ աշխատակիցը հենց նրա համար է, որ եթե կա իրավիճակ՝ ուժ գործադրի, ինքը բոլոր լիազորություններն ունի։ Իրավիճակը սրվի՝ անհրաժեշտության պարագայում կարող է և զենք գործադրել։ Բա եթե այդ աշխատանքը չանի, ՊՊԾ աշխատակցի դեմ է քրեական գործ հարուցվելու, հայտնվելու է բանտում՝ իր ծառայողական պարտականությունները չկատարելու համար։ Երբ ինչ-որ մեկը գործողություններ է անում, ինքը բեյջ չունի, թե 18 տարեկան է, առողջական խնդիրներ ունի կամ որևիցե այլ բան, և ծառայությունը պետք է իրականացնի իր պարտականությունները․․․ Բա ի՞նչ պետք է աներ, պետք է հրավիրեր սրճարան՝ սուրճ խմելո՞ւ»,- ասաց Փաշինյանը։
Շեշտեց՝ չի հանդուրժի, եթե ՀՀ որևէ ծառայություն իր պարտականությունը չկատարի։ Ըստ նրա՝ իր գործը չէ գնահատել՝ տվյալ իրավիճակում արդյոք կա թե չկա հարձակում, պե՞տք է, թե՞ պետք չէ կրակել և այլն։ Պետական անվտանգության ծառայության ամբողջ իմաստն ու բովանդակությունը իրադրությունը գնահատելն է և ըստ այդմ գործելը։
Հիշեցնենք, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել, երբ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ մասնակցում էր Ծաղկազարդի օրվան նվիրված պատարագին։ Մասնավորապես, երբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել․ «Տենց չնայես ինձ»,- դիմել է երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձել ձեռքով հարվածել։
Միջադեպից հետո ձերբակալվել էր երեք անձ։ Նրանց նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում:
Միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Դավիթ ի մայրը հայտարարել էր, որ որդին ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք։
Ձերբակալվածներ մյուս երկուս անձինք ազատ են արձակվել։ Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով: Մյուս մեղադրյալի՝ Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը: