civilnet.am Ռուսաստանի հետ երկաթուղային համակարգի կոնցեսիոն պայմանագրի խզման լծակը Հայաստանն ունի, բայց մենք չենք պլանավորում և չենք ուզում գնալ այդ ճանապարհով։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ին՝ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։
«Մենք որպես լուծում տեսնում ենք քննարկումների ճանապարհը»,- ասել է վարչապետը։
Վարչապետը հայտնել է, որ ապրիլի 1-ի Ռուսաստանում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մանրամասն քննարկել են երկաթուղու հարցը։
«Մեր դիրքորոշումներն ենք ներկայացրել և լսել ենք մեր ռուսաստանցի գործընկերների դիրքորոշումը և պայմանավորվել ենք շարունակել քննարկումները։ Մեր խնդիրնը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունն իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է։ Մեր խնդիրն է, որ Հայաստանն իր մրցակցային պոտենցիալն ամբողջությամբ իրացնելու հնարավորություն ունենա։ Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն խնդիր չունենք, այլ մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները և չենք ուզում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին»,- ասել է Փաշինյանը։
2008-ին ռուսական պետական «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» (ՌԺԴ) ընկերության հետ կնքած պայմանագրով Հայաստանի կառավարությունն իր երկաթուղային ցանցը 30 տարով հանձնել է ՌԺԴ-ի հավատարմագրային կառավարմանը՝ ևս 10 տարի երկարաձգման իրավունքով:
Փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պատկերացումն էր ներկայացրել երկաթգծի կառավարման մասին, ըստ որի կարող է Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը։
Հունվարին Փաշինյանը դիմելով Ռուսաստանին՝ խնդրել էր հրատապության կարգով որոշում կայացնել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածների վերականգնման հարցում։
Հայաստանն ակընկալում է, որ օր առաջ վերականգնվեն ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը, Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ հատվածը, Տավուշի հատվածում՝ մինչև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ։
Դեկտեմբերի 25-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները, եթե ռուսական կողմը պատշաճ ժամկետներում չիրականացնի այդ աշխատանքները։