civilnet.am Մեծամորի ատոմակայանն ապրիլի 1-ին հինգ ամսով հանվել է շահագործումից։ Այս մասին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար դավիթ Խուդաթյանը՝ ապրիլի 2-ին կարավարության նիստի ժամանակ։
Ատոմակայանը շահագործումից ժամանակավորապես հանելու նպատակն է շահագործման ժամկետը մինչև 2036-ը երկարաձգելու ծրագրի երկրորդ փուլի աշխատանքներն իրականացնելը։
«Ամենայն հավանականությամբ մեր արևային կայաններն արտադրած կլինեն այնքան էլեկտրաէներգիա, ինչքան արտադրած կլիներ Մեծամորի ատոմակայանը։ Այդ թվերը վստահաբար իրար համադրելի կլինեն»,- նշել է նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ Հայաստանն այժմ էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր է, և այդ էրենգառեսուրսն արևն է։
«Մենք այնքան ռեսուրս ունենք, որ Հայաստանը կարող է էներգետիկ առումով լինել ինքնաբավ երկիր։ Մենք կարող ենք ստեղծել իրավիճակ, երբ էլեկտրաէներգիա ներմուծելու անհրաժեշտություն չունենանք։ Բայց սրա համար պետք է էներգետիկ մտածողության փոփոխություն։ Մենք պետք է կենտրոնանանք էներգիայի կուտակման վրա»,- ասել է վարչապետը։
Հարավային Կովկասում միակ՝ Մեծամորի ատոմակայանը (ՀԱԷԿ) շահագործման է հանձնվել 1976-ին։ 1988-ի երկրաշարժից հետո դրա շահագործումը դադարեցվեց, էներգաբլոկներից մեկը՝ կոնսերվացվեց։ 1990-ականների երկրորդ կեսին շահագործվեց ՀԱԷԿ-ի մեկ էներգաբլոկը՝ 400 Մվտ հզորությամբ, որի շահագործման ժամկետն ավարտվում էր 2016-ին։ Վերազինումից հետո ներկայում շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036-ը՝ ևս երեք տարի ավելացնելու հնարավորությամբ։ ՀԱԷԿ-ը ներկայում ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ ⅓-ը։