armenpress.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է շրջանառվող խոսակցություններին, թե Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո առողջության ապահովագրության համակարգում կարող են լինել փոփոխություններ և սահմանափակումներ։
Վարչապետը թեմային անդրադարձավ ՀՀ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
«Եթե դուք տեղյակ եք, այսօր էլ մենք որոշում ընդունեցինք, որ 2027 թվականից նոր խմբեր են ներառվելու առողջության ապահովագրության համակարգում։ Եվ մենք մեր նախընտրական ծրագրում ներառել ենք Հայաստանի ամբողջ բնակչությանն առողջության ապահովագրության համակարգում ներառելու մասին դրույքը, և այդ համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել ընտրություններից առաջ էլ, դրանից հետո էլ, մանավանդ, որ դա ընտրությունների հետ որևէ կապ չունի»,- նշեց Փաշինյանը։