ԱՄՆ-ն չեղարկել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահի նկատմամբ սահմանված պատժամիջոցները | factor.am

factor.am ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցների ցանկից հանել են Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսին, որը պաշտոնն ստանձնել էր  Նիկոլաս Մադուրոյի տապալումից հետո։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) մամուլի հաղորդագրության մեջ, գրում է The Insider-ը։

Ռոդրիգեսի անունը հանվել է հատուկ  անձանց պատժամիջոցների ցուցակից: Այս ցուցակում ներառված են այն անձինք, որոնց ակտիվները Միացյալ Նահանգներում սառեցված են, որոնց մուտքն արգելված է երկիր, և որոնց հետ ԱՄՆ քաղաքացիներին և բնակիչներին արգելվում է գործարքներ կնքել։

OFAC-ի մամուլի հաղորդագրության մեջ այս որոշման մանրամասները չեն նշվել: Սպիտակ տունը սա անվանել է երկու երկրների միջև հարաբերություններում առաջընթացի նշան:

«Ինչպես նախագահ Թրամփն ասել է, Դելսի Ռոդրիգեսը հիանալի աշխատանք է կատարում և շատ լավ է համագործակցում Միացյալ Նահանգների հետ։ Այս որոշումը արտացոլում է մեր երկու երկրների համատեղ ջանքերի առաջընթացը՝ Վենեսուելայում կայունությունը խթանելու, տնտեսական վերականգնմանը աջակցելու և քաղաքական հաշտեցումը առաջ մղելու համար», – հայտարարության մեջ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Աննա Քելլին։

ԱՄՆ վարչակազմի մեկ այլ պաշտոնյա CBS News-ին ասել է, որ այս քայլը «արտացոլում է Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունների հետ համագործակցելու իրենց  որոշումը»։

Վենեսուելայի ժամանակավոր նախագահի նկատմամբ պատժամիջոցների վերացումը Միացյալ Նահանգների և Վենեսուելայի միջև հարաբերությունների կարգավորման վերջին քայլերից մեկն է: Մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պաշտոնապես ճանաչում է Վենեսուելայի ներկայիս կառավարությունը: Մարտի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր Կարակասում ամերիկյան դեսպանատան վերաբացման մասին՝ 2019 թվականին դրա փակվելուց յոթ տարի անց:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն