pastinfo.am 18-ամյա Դավիթ Մինասյանը «Աբովյան» ՔԿՀ է տեղափոխվել՝ նրա լավագույն շահից ելնելով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿԾ Հանրային կապերի ծառայության պետ Նոնա Նավիկյանը։
Հիշեցնեք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում միջադեպի գործով 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը։ Պաշտպանության կողմը պնդում է, որ տղան անազատության հետ անհամատեղելի հիվանդություն ունի և պետք է գտնվի մոր մշտական հսկողության ներքո։ Նա, «Արմավիր» ՔԿՀ չհասած, ուշագնաց է եղել, տեղափոխվել հիվանդանոց, ապա կրկին՝ ՔԿՀ։
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության Հանրային կապերի ծառայության պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի է առնվել ազատությունից զրկված անձի տարիքը և միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարևորությունը։
Հիշեցնենք, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել, երբ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ մասնակցում էր Ծաղկազարդի օրվան նվիրված պատարագին։ Մասնավորապես, երբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել․ «Տենց չնայես ինձ»,- դիմել է երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձել ձեռքով հարվածել։
Միջադեպից հետո ձերբակալվել էր երեք անձ։ Նրանց նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում:
Միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Դավիթ ի մայրը հայտարարել էր, որ որդին ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք։
Ձերբակալվածներ մյուս երկուս անձինք ազատ են արձակվել։ Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով: Մյուս մեղադրյալի՝ Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը: