news.am Սուրբ Աննա եկեղեցում միջադեպից հետո երկու ամսով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի վիճակը «Աբովյան» ՔԿՀ–ում կտրուկ վատացել է, այս պահին նրան տեղափոխում են հիվանդանոց։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը՝ նշելով, որ տեղյակ չէ, թե կոնկրետ որ հիվանդանոց են Դավիթին տեղափոխում։
Հիշեցնեք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում միջադեպի գործով 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը։ Պաշտպանության կողմը պնդում է, որ տղան անազատության հետ անհամատեղելի հիվանդություն ունի և պետք է գտնվի մոր մշտական հսկողության ներքո։ Նա, «Արմավիր» ՔԿՀ չհասած, ուշագնաց է եղել, տեղափոխվել հիվանդանոց, ապա կրկին՝ ՔԿՀ։
Հիշեցնենք, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել, երբ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ մասնակցում էր Ծաղկազարդի օրվան նվիրված պատարագին։ Մասնավորապես, երբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել․ «Տենց չնայես ինձ»,- դիմել է երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձել ձեռքով հարվածել։
Միջադեպից հետո ձերբակալվել էր երեք անձ։ Նրանց նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում:
Միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Դավիթ ի մայրը հայտարարել էր, որ որդին ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք։
Ձերբակալվածներ մյուս երկուս անձինք ազատ են արձակվել։ Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով: Մյուս մեղադրյալի՝ Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը: