aravot.am «Ակնհայտ է, որ Հ1-ը երբևէ չի ծառայել իր նպատակներին։ Մենք տեսել ենք, որ Հ1-ն օգտագործվել է բոլոր ժամանակներում քաղաքական նպատակահարմարությամբ։ Բայց երբևիցե հակահայկական նախագծերը Հ1-ով այսպիսի մեծ աջակցություն ու սատարում չեն ունեցել։ Հիմնարար իրավունքներն այսչափ խախտված չեն եղել։ Մենք սա գնահատում ենք լրջագույն խնդիր։ Այս ամենը չպետք է անպատիժ մնա»,-հարցին՝ ի՞նչ պահանջ եք ներկայացնում, ՀՀ գլխավոր դատախազության դիմաց անցկացված ակցիայի ժամանակ ասաց «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը։
Նա մտահոգություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի «մոլի» երկրպագուները, «ֆան կլուբի» անդամները, նրա հակապետական, հակաիրավական թեզերը տարածողները հայտնվում են Հ1-ի եթերում, իսկ մեր ամենանվիրական տոները չեն լուսաբանվում: Նաև վստահեցրեց՝ իրենց գործունեությունը չեն ավարտելու՝ միայն դատախազություն դիմելով․ «Վստահ ենք, որ կա օրենքի խախտում։ Հույս չենք կապում, որ գլխավոր դատախազը, իշխանությունները դրական արձագանք կտան, բայց կարևոր ենք համարում ունենալ, սկսել իրավական գործընթաց, քանի որ մենք իրավական պետության կողմնակիցներ ենք»։
Նինա Կարապետյանցը հայտնեց, որ նաև մոնիտորինգ են իրականացրել, արձանագրված խնդիրները պետք է ներկայացնեն նաև միջազգային գործընկերներին, դիվանագիտական կորպուսին․ «Երբեւէ իշխանությունը պիտի փոխվի։ Բոլոր իշխանություններն էլ փոխվում են։ Այն պաշտոնյաները, որոնք իրավունք, օրենք են խախտել, պիտի իմանան, որ անձնական պատասխանատվություն են կրելու։ Լղոզելու տարբերակ չի լինելու, կոնկրետ մարդիկ պետք է պատասխան տան։ Սա վրեժխնդրության հարց չէ, ինչ-որ մեկին անպայման բանտում տեսնելու մոլուցք չէ։ Չի կարելի թույլ տալ, որ երկիրը մեկ խմբակի տրամադրության տակ լինի»։
Նինա Կարապետյանցը նաև նշեց․ «Հակասահմանադրական գործողությունները լուսաբանվում են Հ1-ով և զուգահեռ նվիրական հայկական տոները, որոնք Մայր Աթոռում են ընթանում, չեն լուսաբանվում։
«Նժար»-ի անդամները դատախազություն ներկայացրին հանցանքի մասին հաղորդում, որով գլխավոր դատախազից պահանջում են քրեական վարույթ նախաձեռնել հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ՀՀ օրենքների խախտմամբ իրականացվող գործունեության համար։
Շարունակությունը՝ սկզբանղբյուր կայքում