Հայաստանում 6 և ավել երեխա ունեցող 643 ընտանիք կա․ բնակարանային ապահովման նախագիծ է ներկայացվել քննարկման | hetq.am

hetq.am Հայաստանում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող 643 ընտանիք կա։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով առաջարկվում է 100 տոկոս սուբսիդավորում՝ բազմազավակ ընտանիքներին մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու համար։

Ներկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով երեխա ունեցող ընտանիքների համար իրականացվում է ընդամենը մեկ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր։ Սակայն դրա շրջանակում պետական աջակցությունը միանվագ է, որի չափը կազմում է 500 հազ. դրամից մինչև 3 մլն դրամ, իսկ հիփոթեքային վարկի մարումներն իրականացվում են շահառուների կողմից։

Ըստ հրապարակված տվյալների՝ 643 բազմազավակ ընտանիքներից 390-ն ունեն 6 երեխա, 143-ը՝ 7 երեխա, 76-ը՝ 8 երեխա, 26-ը՝ 9 երեխա, 5-ը՝ 10 երեխա, 2-ը՝ 11 երեխա և 1 ընտանիք ունի 12 երեխա։

Ըստ նախարարության հիմնավորումների՝ նոր ծրագիրը հնարավորություն կտա բարելավել այդ ընտանիքների բնակարանային պայմանները՝ բարձրացնելով նրանց կյանքի որակը, նվազեցնել աղքատության և սոցիալական խոցելիության մակարդակը, խրախուսել ունենալ ավելի շատ երեխաներ, իսկ բարելավված կենցաղային պայմանները կնպաստեն երեխաների առողջ աճին ու կրթությանը։

Առաջարկվում է ծրագրի պայմաններին բավարարող ընտանիքին յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով տրամադրել 4 մլն դրամ՝ հիփոթեքային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելու կամ կառուցելու համար։ Ընդ որում, եթե ընտանիքը նախապատվությունը կտա գյուղական բնակավայրին, ապա այս դեպքում ընտանիքին կտրամադրվի հավելյալ 4 մլն դրամ, որը կարող է օգտագործվել անհատական բնակելի տան կառուցման դեպքում՝ համապատասխան հողամասի կամ գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերման նպատակով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն