news.am Դավիթի մոտ վիճակը դեռևս ձերբակալման պահից է սկսվել վատանալ. մենք դեռևս ձերբակալման ժամանակ տեղեկացանք, որ պահման վայր էր հրավիրվել շտապ բուժօգնություն։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը՝ անդրադառնալով մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի առողջական վիճակին։
«Դրանից հետո իր վիճակը վատթարացել էր, երբ գտնվում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Երեկ պաշտպան Վարդուհի Էլբակյանն էր այցելել, որոշակի գանգատներ էր ունեցել, դրա հետ կապված գիշերը մենք նորից իրեն այցելեցինք, նորից զգացինք, որ լավ չի, ինքնազգացողությունը վատթարացել էր՝ գլխացավեր, շնչահեղձություն և այլն։ Այսօր առավոտյան տեղեկանում ենք, որ տեղափոխել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Մենք այնտեղ իրեն չենք հասցրել տեսնել, որովհետև երբ հասանք «Աբովյան» քրեակատարողական, արդեն տեսանք, որ բժիշկները վազում են, վիճակը վատացել էր։ Ասեցին, որ ուշագնացություն է շնչահեղձություն է եղել։
Արդեն Դավիթին տեսել ենք «Աբովյան» բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվեց շտապ բուժօգնությամբ։ Իսկ «Աբովյան» բժշկական կենտրոնում բժշկական փաստաթղթերը նայելուց հետո որոշում կայացվեց տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն, իր ինքնազգացողությունը և վիճակը, բնականաբար, լավ չէր։ Այն, ինչ որ ես եմ տեսել դեռ երեկվանից այդ իր գլխացավերը, շնչահեղձությունը, եղունգները կապտած էր, սառը քրտինք և այլն։ Դա ես եմ տեսել։
Հիմա այս պահին նոր ինձ տեղեկացրեցին բժիշկները, որ որոշում է կայացվել, որ պետք է պառկի, որովհետև ենթակա չէ տեղափոխման»,- ասաց նա։
Նա նկատեց, որ այս պահին իրենց համար կարևորը Դավիթի առողջական վիճակն է. «Գործի իրավական մասը թողնենք մի կողմ, այս պահին գործ ունենք դպրոցական տղայի հետ, ով ունի առողջական լուրջ խնդիրներ։ Այս պահին սա է առաջնայինը։ Քննությանը կանդրադառնանք, երբր գոնե հասկանանք, որ ապահովված է կյանքի իրավունքը։
Դեռ չունենք ախտորոշման հետ կապված նորություն, հետազոտությունները շարունակվում են, ուղղակի գիտեմ, որ ասեցին՝ վիճակը տեղափոխման ենթակա չէ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել, երբ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ մասնակցում էր Ծաղկազարդի օրվան նվիրված պատարագին։ Մասնավորապես, երբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել․ «Տենց չնայես ինձ»,- դիմել է երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձել ձեռքով հարվածել։
Միջադեպից հետո ձերբակալվել էր երեք անձ։ Նրանց նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում:
Միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տղան անազատության հետ անհամատեղելի հիվանդություն ունի և պետք է գտնվի մոր մշտական հսկողության ներքո։ Նա, «Արմավիր» ՔԿՀ չհասած, ուշագնաց է եղել, տեղափոխվել հիվանդանոց, ապա կրկին՝ ՔԿՀ։
Ձերբակալվածներ մյուս երկուս անձինք ազատ են արձակվել։ Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով: Մյուս մեղադրյալի՝ Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը: