ՀՀ ՏԿԵ փոխնախարարը և Ասիական զարգացման բանկի գլխավոր տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

​Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հատկապես ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ԱԶԲ-ի հետ ռազմավարական գործընկերությունը, ծրագրերն ու նախագծերը։

​Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ճանապարհաշինական առաջնահերթ ծրագրերի, այդ թվում՝ Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարական աշխատանքներին, Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման, ինչպես նաև Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման ծրագրերին, որոնք ունեն ռազմավարական նշանակություն երկրի տրանսպորտային կապերի զարգացման և երթևեկության ավելացող հոսքերի սպասարկման տեսանկյունից։

​Քրիստինե Ղալեչյանը ներկայացրել է նաև թունելների ու ճանապարհների անվտանգության բարձրացմանը և կլիմայի հարմարվողականությանն ուղղված ուսումնասիրություններն ու ծրագրերը՝ ընդգծելով գործընկերների տեխնիկական աջակցության և փորձագետների ներգրավման կարևորությունը։

​Կողմերն ընդգծել են, որ նշված ծրագրերի իրականացումը կնպաստի Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացմանը, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն