ՀՀԿ համագումարի ժամանակ ելույթ ունեցավ ՀՀԿ ղեկավար, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա հաստատեց, որ ընտրություններին կուսակցությունը չի մասնակցի՝ մեկնաբանելով, որ դրա նպատակը ընդդիմադիր դաշտն ավելի չպառակտելն է։
«Ես գիտեմ, որ մենք ճիշտ աշխատանքի դեպքում կհաղթահարեինք կուսակցության համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը, բայց ես գիտեմ նաև, որ մեզ իշխանափոխություն է պետք, մեզ չի հետաքրքում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը»,- ասել է Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ անգամ ուղղակիորեն չմասնակցելով այս ընտրություններին՝ Հանրապետականը քաղաքական զարգացումների կիզակետում շարունակելու է մնալ պայքարի մեջ.
«Հանրապետականները և մեր համակիրները, գրեթե առանց բացառությունների, պատրաստվում են մասնակցել ընտրություններին և քվեարկել միայն ու միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին, մեր ընտրողների ձայները չեն կորելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին»,- ասել է նա։
Սերժ Սարգսյանը ընդդիմադիր կուսակցություններին առաջարկել է միջազգային իրադարձությունների ժամանակ իրենց վերապահել Հայաստանի ժողովրդավարության իրականության մասին եվրոպացի պատվիրակություններին տեղեկացնելու դերը։
Բացի այդ, նա առաջարկ է ներկայացրել ոչ միայն կուսակցություններին, այլև դրանց առանձին անդամներին․ «Գաղտնիք չէ, որ այս փուլում իրական ընդդմիադիր ուժերը հայտարարում են, որ բացառում են որևէ համագործակցություն իշխող ռեժիմի հետ։ Բազմիցս մենք համոզվել ենք, ավաղ, այստեղ մենք ևս ունենք մեր դառը փորձը, որ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, երբ քաղաքական ուժերը կարող են նման հայտարարություններ անել, սակայն միշտ հայտնվում են անհատներ, որոնք դրժում են այդ խոստումը՝ հակվելով իշխող ռեժիմի ճամբարին։ Ոստի մենք առաջարկում ենք, որ հիմական ընդդմիադիր ուժերից նմանօրինակ հայտարարություններից բացի, այդ ուժերի նախընտրական ցուցակների առաջին երեք տասնյակում գտնվողները կապիտուլյանտ ռեժիմի հետ չհամագործացկելու, ընդդիմադիր դաշտը չլքելու բարոյական պարտավորություն վերցնեն՝ ստորագրելու հուշագիր և փաստացի համադրելու քաղաքական և անձնական դիրքորոշումները»։