factor.am Իրանի իշխանությունները թույլատրել են Հորմուզի նեղուցով անցնել հումանիտար օգնություն տեղափոխող նավերին։ Այս մասին շաբաթ օրը՝ ապրիլի 4-ին, հայտնել է իրանական պետական Tasnim լրատվական գործակալությունը։ Անցումը բաց է առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխող նավերի համար, որոնք ուղևորվում են դեպի Իրանի կամ Օմանի ծոցում գտնվող նավահանգիստներ։
Al Jazeera հեռուստաալիքի տվյալներով՝ մոտ ապագայում Թեհրանը կդասակարգի երկրները որպես «թշնամական», «չեզոք» և «բարեկամական»։ «Թշնամական» երկրների նավերին կարգելվի անցնել Հորմուզի նեղուցով, իսկ «չեզոք» երկրների նավերը ստիպված կլինեն վճարել հատուկ վճար, գրում է Al Jazeera-ն։
Նախօրեին Մեծ Բրիտանիան կազմակերպել էր հանդիպում՝ ԱՄՆ դաշնակից երկրների ավելի քան 40 ներկայացուցիչների մասնակցությամբ Եվրոպայից, Ասիայից և Մերձավոր Արևելքից՝ քննարկելու նեղուցի շրջափակումը վերացնելու ծրագրերը։ Reuters-ի տվյալներով՝ հանդիպման մասնակիցները գտնում են, որ Թեհրանը չպետք է հնարավորություն ունենա սահմանելու վճար նավերի անցման համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։