azatutyun.am Իրանի տարածքում ամերիկյան F-15 կործանիչի խոցման արդյունքում անհետացած ամերիկացի օդաչուին Միացյալ Նահանգները կարողացել է փրկել, հայտարարել է ԱՄՆ իշխանությունը։
Փրկված օդաչուն ապրիլի 3-ին Իրանի հակաօդային պաշտպանության կողմից խոցված ամերիկյան օդանավի երկու օդաչուներից մեկն էր: Մյուս զինվորականը դեպքից քիչ անց էր տարհանվել, իսկ երկրորդին որոնում էին թե՛ ամերիկացիները, թե՛ իրանցիները։
Օդաչուն գնդապետ է, վիրավոր է, բայց նրա հետ «ամեն ինչ կարգին կլինի», հայտնել է ԱՄՆ նախագահը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Երեկ՝ ապրիլի 4-ին, BBC-ն հայտնել էր, որ ամերիկացի առաջին օդաչուն հայտնաբերվել և տարհանվել էր այն բանից հետո, երբ իր F-15 կործանիչը խոցվել է Արևմտյան Իրանի երկնքում։ Հաղորդագրության համաձայն՝ անձնակազմին տարհանելու որոնողափրկարարական առաքելությունը, որի կազմում էին մեկ Warthog ինքնաթիռ և երկու ուղղաթիռ, նույնպես հայտնվել էր կրակի տակ։ «Իրանի հարավային Քոհգիլույե և Բոյեր-Ահմադ նահանգի նահանգապետը, որը սահմանակից է Խուզեստանին, հայտարարել է, որ ԱՄՆ խոցված օդանավի անձնակազմի ցանկացած անդամի «ողջ գերեվարելը» առաջնահերթություն է»։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։