azatutyun.am Իրանը և Օմանը արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով Հորմուզի նեղուցով բեռների սահուն տեղաշարժի վերաբերյալ քննարկումներ են անցկացրել, տեղեկացնում է Օմանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպումն անցկացվել է ապրիլի 4-ին «Արտաքին գործերի փոխնախարարների մակարդակում», նշվում է X-ում գերատեսչության տարածած գրառման մեջ։ Երկու կողմից նաև համապատասխան մասնագետներ են մասնակցել հանդիպմանը։
«Քննարկվել են տարածաշրջանային ներկա հանգամանքների ժամանակահատվածում Հորմուզի նեղուցով սահուն տեղաշարժի հնարավոր տարբերակները, – փոխանցում են Օմանի ԱԳՆ-ից – Հանդիպման ընթացքում երկու կողմի մասնագետները ներկայացրել են մի շարք տեսլականներ և առաջարկներ, որոնք կուսումնասիրվեն»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։