aravot.am Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ռուսաստանում հնչած վերջին հայտարարությունները Ղարաբաղի տարածաշրջանի հետ կապված, հայտնում է Trend լրատվական գործակալությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում և դրանից հետո ռուս պաշտոնյաները հրապարակային քննարկումների ժամանակ բարձրացրել են հարցեր, որոնք, ըստ Բաքվի, վերաբերում են բացառապես Ադրբեջանի ներքին գործերին։
«Այս առնչությամբ Ադրբեջանի դիրքորոշումը՝ Ղարաբաղի տարածաշրջանը քաղաքական շահարկումների համար օգտագործելու անթույլատրելիության մասին, ինչպես նաև նման քննարկումները դադարեցնելու վերաբերյալ երկրի ակնկալիքները դիվանագիտական ուղիներով փոխանցվել են Ռուսաստանի Դաշնության նախագահի վարչակազմին, Ռուսաստանի կառավարությանը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը», – նշվում է հայտարարությունում։
Ըստ նախարարության՝ չնայած դրան, թեման շարունակում է մնալ ռուսական կողմի պաշտոնական քաղաքական դիսկուրսում։
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահի խոսնակն անդրադարձել էր արցախյան խնդրին՝ ընդգծելով, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի որոշումն ընդունվել է առանց Մոսկվայի մասնակցության։
Իսկ մինչ այդ՝ Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել էր հարցին՝ ինչո՞ւ Արցախում հայ չմնաց՝ Հայաստանի վարչապետին հիշեցնելով, որ նա Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, Փաշինյանն էլ իր հերթին հակադարձել էր, թե դա արել է միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի ղեկավարն է երկու անգամ հրապարակային Ղարաբաղն Ադրբեջան անվանել: Փաշինյանը Կրեմլում էլ կրկնեց, որ փակել է Ղարաբաղի էջը: