Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները նոր պատմական փուլ են թևակոխել․ դեսպան Լի Սինվեյ

Այսօր նշվում է Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 34-րդ տարեդարձը։ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Լի Սինվեյը այս առիթով ուղերձ է հղել.

«1992 թվականի ապրիլի 6-ին երկու երկրները պաշտոնապես հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ՝ բացելով բարեկամական շփումների նոր դարաշրջան։ 2025 թվականի օգոստոսի 31-ին կողմերը հաստատեցին ռազմավարական գործընկերություն՝ նախանշելով փոխշահավետ համագործակցության նոր ուղենիշներ։ Նոր պատմական փուլում՝ երկկողմ հարաբերություններն ունեն զարգացման լայն հեռանկարներ և մեծ ներուժ։

Անցած տարվա ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները նշանակալի արդյունքներ են գրանցել։

Փոխադարձ վստահությունը ավելի է խորացել և բացվել է երկկողմ հարաբերությունների նոր էջ։ Չինաստանն ու Հայաստանը հարգանքով են վերաբերվում միմյանց և համագործակցում են հավասարության հիման վրա՝ փոխադարձ աջակցություն ցուցաբերելով միմյանց հիմնարար շահերին առնչվող հարցերում: Հայկական կողմը հաստատակամորեն հավատարիմ է «մեկ Չինաստան» սկզբունքին, իսկ չինական կողմը վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։

Անցած տարում բարձր մակարդակի շփումները եղել են ինտենսիվ, տարբեր մակարդակներում երկխոսությունն ու համագործակցությունը շարունակել են ակտիվորեն զարգանալ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Չինաստան՝ մասնակցելու «ՇՀԿ+» ձևաչափի հանդիպմանը, ինչպես նաև Ճապոնական ագրեսիայի դեմ դիմադրության պատերազմում չին ժողովրդի հաղթանակի և համաշխարհային հակաֆաշիստական պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։

Այցի ընթացքում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և կողմերը համատեղ հայտարարել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին, ինչը դարձել է երկկողմ հարաբերությունների զարգացման նոր հանգրվան։

Չինաստանի քաղաքական խորհրդակցական համաժողովի ազգային կոմիտեի նախագահի տեղակալ Սու Հուին այցելել է Հայաստան և հանդիպումներ ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հետ։

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը, ՀՀ Արտաքին գործերի նախարարը, ՀՀ Պաշտպանության նախարարը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը և այլ պաշտոնատար անձինք այցելել են Չինաստան, իր հերթին, Արտասահմանյան  երկրների հետ բարեկամության Չինաստանի Ժողովրդական կազմակերպության, սեյսմոլոգիական վարչության և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի պատվիրակությունները այցելել են Հայաստան՝ նոր խթան հաղորդելով երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Ազնիվ համագործակցությունն ու գործնական արդյունքները օգուտ են բերում ժողովուրդներին։ Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է։ 2025 թվականին երկկողմ առևտրի ծավալը գերազանցել է 2.2 միլիարդ ԱՄՆ դոլարը՝ նախորդ տարվա համեմատ աճելով 24.5%-ով։

Որակ-գին հարաբերակցության, մատակարարման շղթաների հզոր հնարավորությունների և անընդհատ աճող տեխնոլոգիական բաղադրիչների շնորհիվ չինական բարձր տեխնոլոգիական արդյունաբերական արտադրանքը՝ բջջային հեռախոսներ, համակարգիչներ, նոր էներգիայի աղբյուրներով աշխատող ավտոմեքենաներ ակտիվորեն մուտք են գործում Հայաստանի բնակչության առօրյա կյանք։ Hongqi, NIO և Changan նման հայտնի չինական ավտոմոբիլային բրենդները բացում և զարգացնում են իրենց ներկայացուցչությունները այստեղ։

Չինաստանի հիմնական ցուցահանդեսները, այդ թվում՝ China International Import Expo-ն, Canton Fair-ը, China International Fair for Trade in Services-ը և China International Consumer Products Expo-ն, հայաստանյան բրենդներին և որակյալ արտադրանքին տրամադրում են հարթակ՝ մուտք գործելու չինական շուկա։

Համատեղ առանցքային ծրագրերը առաջ են ընթանում կայուն և հետևողական կերպով․ Չինաստանի կառավարության աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նոր տաղավարի կառուցման նախագիծը ընթանում է ըստ ծրագրի, չինական ընկերության կողմից կառուցվող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հատվածները շահագործման են հանձնվել, արևային էլեկտրակայանները գործարկվել են։

Հայաստանը պաշտոնապես միացել է Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկին, ինչը ստեղծում է նոր հնարավորություններ երկու երկրների միջև ենթակառուցվածքների և ներդրումների ոլորտներում համագործակցության համար։

Ժողովուրդների մերձեցումն և փոխըմբռնումը խորանում են, հումանիտար փոխանակումները դառնում են ավելի ակտիվ։ Վերջին տարիներին Հայաստանում չինարենը շարունակում է մեծ ժողովրդականություն վայելել. Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանին կից Կոնֆուցիոսի ինստիտուտի ունկնդիրների թիվը կայուն աճում է, իսկ 2026 թվականին նախատեսվում է բացել ևս երկու ուսուցման կենտրոն։ «Չինական կամուրջ» մրցույթը, ինչպես նաև Չինաստանում ուսման և աշխատանքի հնարավորություններին նվիրված ցուցահանդեսները լայն ուշադրություն են գրավում և բարձր գնահատականի արժանանում հայ հասարակության կողմից։

Չինաստանում անց է կացվել Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես է եկել Չինաստանում։ Երկու երկրների հասարակական կազմակերպությունները անց են կացնում մշակութային արժեքների փոխադարձ ցուցահանդեսներ, արվեստի փառատոններ և գիտական համաժողովներ՝ ձևավորելով մշակութային միջոցառումների հագեցած պատկեր և ամրապնդելով Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամության հասարակական հիմքը։

Շարունակվում է հաջողությամբ գործել երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթները, իսկ ազատ վիզային ռեժիմի դրական ազդեցությունը ավելի տեսանելի է։ 2025 թվականին Հայաստան այցելած չին զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 45 հազարը՝ նախորդ տարվա համեմատ աճելով 37.1%-ով։

2026 թվականը Չինաստանի 15-րդ հնգամյակի մեկնարկի տարի է, ինչպես նաև Չինաստանի Կոմունիստական կուսակցության հիմնադրման 105-րդ տարեդարձը։ Վերջերս հաջողությամբ անց են կացվել Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի 14-րդ գումարման 4-րդ նստաշրջանը և Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդակցական խորհրդի համաչինական կոմիտեի 14-րդ գումարման 4-րդ նստաշրջանը, որոնց ընթացքում քննարկվել և հաստատվել են «Կառավարության աշխատանքի զեկույցը» և 15-րդ հնգամյակի ծրագիրը՝ սահմանելով Չինաստանի զարգացման ռազմավարական ուղենիշները և համաշխարհային զարգացման համար ապահովելով պարզություն և դրական էներգիա։

Համաձայն «երկու նստաշրջանների» առանցքային որոշումների՝ չինական կողմը նախատեսում է ապահովել տարեկան 4.5–5% տնտեսական աճ՝ կենտրոնանալով ներքին շուկայի զարգացման, տնտեսական աճի նոր աղբյուրների ձևավորման, բարձր տեխնոլոգիաների ոլորտում տեխնոլոգիական անկախության և ինքնազարգացման ապահովման, բարեփոխումների խորացման, քաղաքային և գյուղական զարգացման ինտեգրման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և էկոլոգիապես կայուն փոխակերպման վրա։

Չինաստանը մտադիր է օգտագործել իր գերխոշոր շուկաները, ժամանակակից արդյունաբերական համակարգը և «կանաչ» զարգացման ոլորտում նորարարական ձեռքբերումները ի օգուտ ամբողջ աշխարհի։

Չինաստանը մտադիր է հետագայում ընդլայնել բարձր մակարդակի բաց համագործակցությունը, նպաստել առևտրի և ներդրումների ազատականացմանն ու ընթացակարգերի պարզեցմանը, հետևողականորեն իրականացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության բարձրորակ համատեղ կառուցումը և մյուս երկրներին տրամադրել լայն և բազմազան «հնարավորությունների ցուցակ»։

Չինաստանը հաստատակամորեն պաշտպանում է միջազգային համակարգը, որի հիմքում գտնվում է ՄԱԿ-ը, միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային կարգն ու Համաշխարհային առևտրի կազմակերպության վրա հիմնված բազմակողմ առևտրային համակարգը։ Չինաստանը շարունակելու է առաջ մղել մարդկության համար ընդհանուր ճակատագրով համայնքի կառուցման գաղափարը, արագացնել չորս գլոբալ նախաձեռնությունների իրականացումը և նպաստել ավելի մեծ թվով երկրների ներգրավմանը Միջազգային հաշտարարության կազմակերպությունում։ Միևնույն ժամանակ, Չինաստանը շարունակելու է պահպանել իր դերը որպես աշխարհի կարևորագույն խաղաղարար ուժերից մեկը՝ նպաստելով գլոբալ կայունությանն ու արդարությանը։

Հայաստանը Չինաստանի վաղեմի բարեկամն է՝ դեռևս Մեծ Մետաքսի ճանապարհի ժամանակներից, իսկ նոր դարաշրջանում՝ վստահելի ռազմավարական գործընկեր։ Չինական կողմը անկեղծորեն ողջունում է Հայաստանի ձգտումը՝ համատեղ առաջ շարժվել Չինաստանի հետ և լիարժեք օգտվել բացվող հնարավորություններից։ Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ միասին կյանքի կոչել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունները, շարունակաբար խորացնել քաղաքական համակարգումը, հարստացնել երկկողմ հարաբերությունների բովանդակությունը և նպաստել երկու ժողովուրդների բարեկեցության խորացմանը։

Չինական օրացույցով Ձիու տարում, միասին աշխատենք խթանել համագործակցությունը բոլոր ոլորտներում, «ամուր բռնենք սանձերը և վստահորեն սլանանք առաջ», գործենք համարձակ և եռանդուն՝ ձեռք ձեռքի տված բացելով Չինաստանի և Հայաստանի հարաբերությունների առավել պայծառ ապագա և կերտելով խաղաղության, զարգացման ու փոխշահավետ համագործակցության նոր դարաշրջան»,- նշված է հաղոտդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն