armenpress.am Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է պատշաճ վարչարարություն իրականացնել այն կառուցապատողների նկատմամբ, որոնք կխախտեն Երևանի ավագանու սահմանած պահանջները։
Երևանի քաղաքապետն այդ մասին ասել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
«Շատ կարևոր է, որ մեր պահանջները խախտած բոլոր կառուցապատողները պատշաճ կերպով տուգանվեն և նրանց նկատմամբ պատշաճ վարչարարություն իրականացվի, որովհետև այդ վարչարարությունից կախված են նաև հաջորդ տարվա նրանց արտոնությունները։ Հետևաբար, շատ կոնկրետ հանձնարական եմ տալիս՝ չպետք է այնպես ստացվի, որ վարչարարություն չիրականացվի որևէ կառուցապատողի նկատմամբ, որն ունի շեղումներ Երևանի ավագանու որոշումներից։ Այսինքն՝ բոլոր շինհրապարակները, որոնք Երևանում առկա են և չեն համապատասխանում ավագանու որոշումներին, պետք է տուգանվեն, նրանց նկատմամբ պետք է վարչարարություն իրականացվի։ Այսպես եղել է, բայց ուզում եմ հատուկ շեշտել, որ այս տարի ավելի մեծ ծավալով ուշադրություն պետք է սևեռենք դրա վրա, որովհետև դրանից նաև կախված են հաջորդ տարվա հնարավոր արտոնությունները՝ժամկետների երկարաձգման մասով։ Մենք այս պրոցեսներին հետևելու ենք ամենայն ուշադրությամբ, որովհետև սա ուղղակիորեն փոխկապակցված է լինելու Երևանի սեփական եկամուտների հետ։ Սա նշանակում է, որ բոլոր դեպերում, երբ հստակ արձանագրվում է խախտումը, վարչարարությունը պետք է իրականացվի»,- հայտարարել է Երևանի քաղաքապետը։