ԱԺ հանձնաժողովին նիստին քննարկվել է Մարտին Գալստյանին ԿԲ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը: Այս  ասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 6-ի նիստում քննարկվել է նշված պաշտոնում Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:

Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը:

«Մակրոտնտեսական կայունությունն այլընտրանք չունի, և այն, կարծում եմ, մեր հասարակության հիմնարար զարգացման նախապայմաններից մեկն է: Մեր նախորդ տարիների ջանքերը գերազանցապես նպատակադրված են եղել երկրում մակրոտնտեսական կայունության ապահովմանը»,- նշել է Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով Կենտրոնական բանկում 2020 թվականից մինչ օրս կատարված աշխատանքները, ծրագրերը, ինչպես նաև Ազգային ժողովի գործընկերների հետ համատեղ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները:

Թեկնածուն խոսել է ԿԲ-ի իրականացրած ռազմավարական կարևոր քայլերի մասին, որոնց շնորհիվ հաղթահարվել են պարբերաբար ի հայտ եկող ճգնաժամերը: Նա ներկայացրել է Կենտրոնական բանկի միջամտությունն արտարժութային շուկայում տարբեր ճգնաժամերի ընթացքում և Կենտրոնական բանկի պահուստների միջոցով կայունացման գործողությունները:

Մարտին Գալստյանը նշել է, որ միակ գրավականը, որով ցանկացած ինստիտուտ, ներառյալ Կենտրոնական բանկը, կարող է դիմակայել արտաքին մարտահրավերներին, որակյալ թիմ ունենալն է: Ըստ թեկնածուի՝ գործադրվում է ամեն ջանք, որպեսզի ԿԲ թիմը լինի լավագույնը, իսկ ՀՀ կենտրոնական բանկը՝ աշխարհի լավագույններից մեկը:

Մարտին Գալստյանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի գործընկերներին աջակցության պատրաստակամության համար:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերի, դրամավարկային քաղաքականության, ֆինանսական համակարգի կարգավորման, նորարարությունների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել բանկային ծառայությունների գնաճի (ինֆլյացիայի), իրացվելիության խնդրին:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել նշված պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունն Ազգային ժողովին առաջարկելու հարցին:

Առաջարկվել է հարցը ներառել ԱԺ մայիսի 5-ին գումարվող նիստերի օրակարգի նախագծում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն