Անդրանիկ Քոչարյանն իր ամբիցիայով պետության համար կարևոր նախագիծ տապալեց․ Հայկ Սարգսյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը նույն խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին մեղադրում է սեփական ամբիցիաների պատճառով պետության համար կարևոր օրենսդրական նախագիծը տապալելու համար։

Այսօր հանձնաժողովը քննարկում էր «Զինվորական ծառայության մասին» օրենքի փոփոխությունների կամ այսպես կոչված «գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ» նախագիծը, և այն հերթական անգամ դրական եզրակացություն չստացավ։

«Ասել, որ հիասթափված եմ կամ ցավում եմ, կնշանակի ոչինչ չասել։ Տարիներով արձանագրելով բանակի խնդիրները՝ ես նպատակ եմ ունեցել, պայքարել եմ, որ մենք վերացնենք էդ խնդիրները, ստեղծենք մի միջավայր, որտեղ կլինի արդարություն, որտեղ հարուստի երեխաները բանակից չեն ազատվի քաղաքացիությունից հրաժարվելու, կեղծ առողջական թղթեր սարքելու, երկիրը լքելու, ուսման մեկնելու կամ այլ պատրվակներով, և ծառայությունը բաժին չի հասնի մեծամասամբ սոցիալական խոցելի խավերում գտնվող անձանց։ Ուզել եմ, որ մենք էս մարդկանց բերենք պարտադիր ծառայության և նաև նրանցից մեծ գումարներ հավաքագրենք, որ կուղղենք ամբողջ ժամկետով ծառայողներին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ իր ներկայացրած նախագիծը բազմիցս տարբեր հարթակներում և տարբեր ձևաչափերով քննարկվել է, դրան կողմ է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ Սարգսյանի՝ ինքը՝ Անդրանիկ Քոչարյանը, ևս ասել է, թե սա լավ նախագիծ է։

Հայկ Սարգսյանի խոսքով՝ նախագիծը պետք է դեռ նախորդ տարի քննարկվեր, սակայն Անդրանիկ Քոչարյանն այդ ժամանակահատվածում գործուղման էր մեկնում ԱՄՆ, խոստացել է՝ «գնամ, գամ, անցկացնենք նախագիծը»։ Նաև չի ցանկացել, որ իր բացակայությամբ հանձնաժողովի նիստ լինի։ Հայկ Սարգսյանը պնդել է, թե մինչև ԱՄՆ-ից վերադառնա, ժամանակը կանցնի, և արդեն ուշ կլինի, քանի որ հիմա, երբ քննարկումներ են սկսվել նախագծի շուրջ, քաղաքացիությունից հրաժարվելու և այլ պատրվակներով բանակից խուսափելու գործընթացը կարագանա, սակայն Քոչարյանը չի համաձայնել։ Այնուամենայնիվ, նրա բացակայությամբ Հայկ Սարգսյանը փորձել է հանձնաժողովի նիստ հրավիրել նախագիծը քննարկելու համար, նիստը տապալվել է քվորում չլինելու պատճառով։ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո էլ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե առաջին անգամ է լսում նախագծի մասին, «ո՞նց կարող է մարդը փողը տալ, բանակից ազատվել»։

Սարգսյանը պնդում է, որ այս ամենին ֆոնին 44 տոկոսով բարձրացել է քաղաքացիությունից հրաժարվողների թիվը․ եթե նախկինում տարեկան 2000 էր, ապա հիմա արդեն մոտ 3000 է դարձել։

«Ստացվում է՝ անձնական ամբիցիայով, սիմպատիայով կամ քինախնդրության պատճառով կորցրինք կարևոր նախագիծ։ Որ ես հիմա հնարավորություն ունենամ, կարող է՝ լացեմ էլ։ Բա չե՞ս ասում, որ տալիս ես, քո բանակի աչքն ես հանում, քո զորակոչը կրիտիկական վատ վիճակում է, զորքի թիվը 14 տարում 44 հազարից իջել է 14 հազար։ Ասում եմ՝ եկեք միջոց ձեռնարկենք»,- ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք` Հայկ Սարգսյանի նախաձեռնած նախագծով առաջարկվում է` եթե 18–32 տարեկանները պարտադիր զինվորական ծառայությունն անցնում են ընդամենը 1 ամիս, ապա կվճարեն 24 մլն դրամ, իսկ եթե կնախընտրեն ծառայել 4 ամիս, ապա կվճարեն 18 մլն դրամ։ Մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրքն առաջարկվում է սահմանել 15 մլն դրամ, իսկ պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիքը` 32 տարեկանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն