Ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովը բերման է ենթարկվել Բաքվում Վրաստանից արտաքսվելուց անմիջապես հետո

Վրաստանից արտաքսվելուց մեկ օր անց ադրբեջանցի անկախ լրագրող Աֆգան Սադիգովը բերման է ենթարկվել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս մասին գրում է OC Media-ն:

Նրա ձերբակալության մասին հայտնել է կինը՝ Սևինջ Սադիգովան։

«Հենց նոր ստացված տեղեկության համաձայն՝ ամուսինս՝ Աֆգան Սադիգովը, բերման է ենթարկվել ոստիկանության կողմից, և ես հստակ չգիտեմ, թե ուր են նրան տարել: Նա երեկ է Վրաստանից Ադրբեջան արտաքսվել մի որոշմամբ, որն, ըստ ամենայնի, քաղաքական դրդապատճառներ ունի»,- Facebook-ում գրել է Սադիգովան:

Դեռևս պարզ չէ, թե ինչ հիմքով է Սադիգովը բերման ենթարկվել Ադրբեջանում։

Նրա արտաքսումից մի քանի օր առաջ հաղորդվում էր, որ Ադրբեջանը դադարեցրել է նրա դեմ հարուցված քրեական վարույթը։ Սակայն քննադատները ենթադրում են, որ սա կարող էր լինել ծուղակ նրան արտաքսելու համար, և հնարավոր է՝ Ադրբեջան տեղափոխվելուն պես նոր գործ հարուցվի։

Վրացական դատարանը Սադիգովի արտաքսման որոշումը կայացրել էր կիրակի վաղ առավոտյան՝ ուշ գիշերը մի քանի ժամ տևած նիստից հետո: Որոշումը կայացվել է՝ չնայած այն հանգամանքին, որ Սադիգովը միջազգային պաշտպանության ներքո էր, ինչն արգելում էր նրա արտահանձնումը Ադրբեջանին մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունների ֆոնին:

Սադիգովի ձերբակալվել էր  անակնկալ ձևով դատավարությունից մի քանի ժամ առաջ՝ վրացական ոստիկանությանը համացանցում «վիրավորելու» համար։ Սա նշված է որպես նրա արտաքսման պաշտոնական պատճառ։

Ադրբեջանը գրեթե երկու տարի փորձում էր հասնել Սադիգովի արտահանձնմանը Վրաստանից՝ մեղադրելով նրան խարդախության կամ շորթման մեջ։ 2025 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառել էր միջանկյալ միջոցներ՝ արգելելով նրա արտահանձնումը մինչև գործի քննությունը։ Արդյունքում, 2025 թվականի ապրիլին Սադիգովն ազատ էր արձակվել Թբիլիսիի մեկուսարանից, սակայն, ըստ նրա փաստաբանների, գրավի դիմաց և երկրից դուրս գալու արգելքով։

Ազատ արձակվելուց հետո Սադիգովը շարունակել է սուր քննադատության ենթարկել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի իշխանություններին՝ հաճախ մասնակցելով Թբիլիսիում հակակառավարական բողոքի ցույցերին և զորակցություն հայտնելով երկու երկրներում ձերբակալված այլախոհներին։

Նրա արտաքսումը տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վրաստան պաշտոնական այցի նախորդ օրը։ Ոմանք Սադիգովի արտաքսումը կապում են հենց Ալիևի այցի հետ։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության քննադատները Սադիգովի արտաքսումը որակել են որպես ՄԻԵԴ որոշման խախտում։ Ի պատասխան՝ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է հակառակը՝ պնդելով, որ «Վրաստանում մարդու իրավունքներն ու ազատությունները լիովին պաշտպանված են»։

Վերջին տարիներին Ադրբեջանը բազմաթիվ անկախ լրագրողների է ձերբակալել տարբեր մեղադրանքներով (հիմնականում՝ արտարժույթի մաքսանենգության), ինչը դիտվում է որպես անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության խմբերի դեմ ուղղված լայնածավալ ճնշումների մաս։

Մամուլի դեմ ճնշումների նոր փուլը սկսվել էր 2023 թվականի նոյեմբերին Բաքվում «Abzas Media» անկախ լրատվամիջոցի գրասենյակների խուզարկությամբ և անձնակազմի անդամների ձերբակալությամբ։ 2025 թվականի հունիսին «Abzas Media»-ի գործով ձերբակալված յոթ լրագրող դատապարտվեց 7-ից 9 տարվա ազատազրկման։

Դրանից հետո իշխանությունները ձերբակալել են նաև «Meydan TV»-ի և «Toplum TV»-ի մի շարք լրագրողների, որոնք ներկայումս սպասում են դատավարությանը։

Ըստ «Amnesty International»-ի տվյալների՝ 2023 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանում ձերբակալվել է առնվազն 30 լրագրող և մեդիա ոլորտի աշխատակից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն