armenpress.am Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ առ դեմ հանդիպումից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված ձևաչափով, որին մասնակցել են երկու երկրի կառավարությունների անդամները։ Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրի միջև աճող առևտրատնտեսական համագործակցությունը և դրա հետ կապված առկա ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը։
«Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև էներգետիկ ոլորտում սերտ գործընկերությանը և տարածաշրջանային կարևորության տրանսպորտային ու էներգետիկ նախագծերին, որոնք Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ իրականացնում են։ Դրանց թվում նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային կապի ապահովման գործում», – ասվում է Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Ընդլայնված հանդիպմանը մասնակցել են Վրաստանի արտաքին գործերի, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարները, կառավարության աշխատակազմի ղեկավարը, Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, իսկ ադրբեջանական կողմից՝ արտաքին գործերի նախարարը, նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնականը, էկոնոմիկայի, էներգետիկայի, թվային զարգացման, տրանսպորտի նախարարները և Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանը: