Խնդրում ենք վերանայել Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքը. նամակ՝ Գլխավոր դատախազին | news.am

news.am Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երկու ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի դասընկերներն ու նրանց ծնողները հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության դիմաց։ Նրանք ընթերցեցին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված դիմումը, որտեղ ասվում է.

«Մենք՝ Դավիթի ուսուցիչներս, ծնողներս, դասընկերներս և պարզապես քաղաքացիներս, դիմում ենք ձեզ մեծ ցավով և անհանգստությամբ։ Ծաղկազարդի տոնին, Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է և այս պահին նա գտնվում է հիվանդանոցում։

Նրա կյանքը և առողջությունը իրական վտանգի մեջ են և բժիշկների մշտական հսկողության կարիքն ունեն։ Այս իրավիճակում նրա նկատմամբ կիրառված կալանքը մարդկային տեսանկյունից դառնում է ծայրահեղ ծանր և անհամաչափ միջոց։ Մենք հավատում ենք, որ այսպիսի հանգամանքներում առաջնայինը պետք է լինի մարդու կյանքի և առողջության պաշտպանությունը։

Դավիթ Մինասյանը բարեխիղճ, կիրթ, պատասխանատու աշակերտ է, որը մշտապես աչքի է ընկել իր դրական վարքով, կրթության նկատմամբ լրջությամբ և շրջապատի հանդեպ հարգանքով։ Նրա նկատմամբ խափանման միջոցը մեծ անհանգստություն է առաջացրել  ինչպես դպրոցական համայնքում, այնպես էլ հասարակության լայն շրջանակներում։ Մենք համոզված ենք, որ Դավիթ Մինասյանը հանրային վտանգ չի կարող ներկայացնել և արժանի է արդար ու մարդասիրական վերաբերմունքի։ Խնդրում ենք վերանայել նրա նկատմամբ կիրառված կալանքի խափանման միջոցը և նպաստել նրա ազատ արձակմանը՝ հաշվի առնելով նրա ծանր առողջական վիճակը և ապահովելով արդարության և իրավականության սկզբունքների պահպանումը։

Վստահ ենք, որ ձեր կողմից կընդունվի արդար և մարդասիրական որոշում, քանի որ արդարադատությունը պետք է առաջնորդվի ոչ միայն օրենքի տառով, այլև խղճի մտոք»,- նշված է նամակում։

Հիշեցնենք, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել, երբ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ մասնակցում էր Ծաղկազարդի օրվան նվիրված պատարագին։ Մասնավորապես, երբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել․ «Տենց չնայես ինձ»,- դիմել է երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձել ձեռքով հարվածել։

Միջադեպից հետո ձերբակալվել էր երեք անձ։ Նրանց նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում:

Միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տղան անազատության հետ անհամատեղելի հիվանդություն ունի և պետք է գտնվի մոր մշտական հսկողության ներքո։

Ձերբակալվածներ մյուս երկուս անձինք ազատ են արձակվել։ Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով: Մյուս մեղադրյալի՝ Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն