azatutyun.am Ինչու չի ծառայել Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահի որդին: Անդրանիկ Քոչարյանն այսօր ուղիղ հայտարարեց.
«Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայի»,-լրագրողի հարցին ի պատասխան ասաց իշխանական պատգամավորը:
Այդ խոսքերի հեղինակը ղեկավարում է պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովը, քննել է քառօրյա ու 44-օրյա պատերազմների ու պարտության պատճառները: Իշխանական պատգամավորի այս խոսքերից ի՞նչ է ստացվում. Հայաստանի սահմանները պահում են գիտելիք չունեցողները, իսկ ունեցողները վե՞ր են այդ պարտականությունից:
«Մենք Մոնթե ենք ունեցել, մենք հերոսներ ենք ունեցել բարձր գիտելիքներով։ Ի՞նչ կապ ունի՝ հայրենիքի պաշտպանությանը մասնակցելը, ծառայելը բարձր գիտելիքների հետ: Շատ ուրախ եմ, որ բարձր գիտելիքներ ունի։ Այնպես չի, որ զորակոչվողներից շատերը չունեն այդ գիտելիքները»,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Քոչարյանի այդ մեծ գիտելիքներով որդին ի՞նչ է արել հայրենիքի համար, ինչո՞վ է օգտակար լինում պետությանը, որ իր գիտելիքներով ավելի կարևոր է, քան սահմանը պահող զինվորը: Իշխանական պատգամավորին է դիմում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, որ տարիներ շարունակ ուսումնասիրում է բանակի խնդիրները:
«Ի՞նչ է մտածում սովորական քաղաքացին, երբ լսում է սա կամ սոցիալական անապահով վիճակում ապրող մարդիկ, որոնց տղաները անպայման ծառայում են։ Իսկ կարո՞ղ է պնդել Անդրանիկ Քոչարյանը, որ իր տղան բարձրակարգ մարդ է ավելի, քան այն մյուսները, որոնք զորակոչվում են բանակ։ Չի կարող իր տղան ավելի բարձր լինել, քան որևէ մեկ ավել այլ զինվոր։ Ուղղակի ուզում են ընդգծել իրենց արտոնյալ վիճակը, իրենց առանձնահատուկ կարգավիճակը»,- շեշտում է իրավապաշտպանը։
Պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի որդին ինչ հիմքերով է ազատվել ծառայությունից: Դեռ 2020 թվականից են լրատվամիջոցները պարզում ու տարբեր հրապարակումներ անում:
Ըստ Yerevan today կայքի՝ Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, սովորել է Երևանի տնտեսագիտական համալսարանում: Ըստ կայքի հետաքննության՝ ասպիրանտուրան ավարտել է 2019 թվականին: Ատենախոսությունը պաշտպանել է 2020-ին ու նախքան այդ նա ենթակա է եղել պարտադիր զորակոչի, երկու զորակոչ է եղել ու Քոչարյանի որդին բաց է թողել: Պաշտպանության նախարարությունից պարզաբանել են, թե տարկետում է ստացել առողջական հիմքերով: Բանակում չծառայելու պատճառների մասին հենց ատենախոսության պաշտպանության օրը «Հրապարակն» էր հարցրել Լևոն Քոչարյանին, նա հրաժարվել էր պատասխանել՝ իր ձևակերպմամբ՝ «քաղաքական ենթատեքստով» հարցերին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում