ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկվա իր հայտարարության համար.
ԱԺ-ում պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահին հարցրել են՝ ինչո՞ւ նրա որդին չի ծառայել, ինչին ի պատասխան Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է. «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքների չափ որ ունենաս՝ դու էլ չես ծառայի»։
«Ապրիլի 6-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ զինված ուժերում ավագ որդուս կողմից ծառայություն չանցնելու մասին լրագրողի հարցին իմ պատասխանով նպատակ ունեի ընդգծել, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որքան են արժեվորվում կրթությունը և գիտական գործունեությամբ զբաղվելը, որ անձանց, ովքեր ունեն պետությանն իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն, տրված է նման հնարավորություն։
Ցավում եմ, որ պատասխանս տարակարծությունների և շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,- գրել է Քոչարյանը։