Հուսանք արագ կքննեն․ 18-ամյա կալանավորված Դավիթի գործով բողոքը վարույթ է ընդունվել | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով փաստաբանների բողոքը, որով բողոքարկում են նրան 2 ամսով կալանավորելու` Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

«Բողոքը մակագրվել է դատավոր Ադրինե Ղուկասյանին։ Դատարանն իրավունք ունի 10-օրյա ժամկետում քննել բողոքը, բայց ակնկալում ենք, որ ամեն դեպքում, շտապ կարգով կքննի՝ հաշվի առնելով Դավիթի առողջական վիճակը»,- նշեց Մարտիրոսյանը։

Փաստաբանն առավոտյան այցելել է Դավիթին, նա թույլ է զգում իրեն։

Հիշեցնենք, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել, երբ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ մասնակցում էր Ծաղկազարդի օրվան նվիրված պատարագին։ Մասնավորապես, երբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել․ «Տենց չնայես ինձ»,- դիմել է երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձել ձեռքով հարվածել։

Միջադեպից հետո ձերբակալվել էր երեք անձ։ Նրանց նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում:

Միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տղան անազատության հետ անհամատեղելի հիվանդություն ունի և պետք է գտնվի մոր մշտական հսկողության ներքո։

Ձերբակալվածներ մյուս երկուս անձինք ազատ են արձակվել։ Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով: Մյուս մեղադրյալի՝ Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն