Քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներն արգելված են միջազգային իրավունքով. Ֆրանսիան վտանգավոր է համարում Իրանի շուրջ զարգացումները | armenpress.am

armenpress.am Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները «արգելված են պատերազմի կանոններով, միջազգային իրավունքով» և անկասկած կհանգեցնեն Իրանի կողմից պատասխան քայլերի։

Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, նախարարը ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին հնարավոր հարվածների համար երեքշաբթի երեկոյան սահմանված վերջնաժամկետից առաջ։

«Իրանում պատերազմի շրջանակներում դրանք անկասկած կհանգեցնեն սրացման նոր փուլի, պատասխան միջոցների, որոնք տարածաշրջանը և համաշխարհային տնտեսությունը կներքաշեն մի արատավոր շրջանի մեջ, որը խորապես մտահոգիչ է և, ամենից առաջ, չափազանց վնասակար մեր սեփական շահերի համար», – ասել է նախարարը ապրիլի 7-ի առավոտյան France Info հեռուստաընկերության եթերում։

«Մենք արդեն տեսնում ենք վառելիքի գների կտրուկ աճ։ Եթե Իրանի էներգետիկ օբյեկտները հարձակման ենթարկվեն, մենք կարող ենք ակնկալել պատասխան միջոցներ իրանական ռեժիմից, որոնք էլ ավելի կսրեն արդեն իսկ տագնապալի իրավիճակը», – հավելել է Ժան-Նոել Բարոն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 7-ի երեկոյան կհրամայի լայնածավալ հարձակումներ իրականացնել իրանական քաղաքացիական էլեկտրակայանների և կամուրջների վրա, եթե Թեհրանը չհամաձայնվի գործարքին, որը վերջ կտա ավելի քան 5 շաբաթ շարունակվող պատերազմին։

«Ամբողջ երկիրը կարող է ոչնչացվել մեկ գիշերվա ընթացքում, և այդ գիշերը կարող է լինել վաղը գիշերը»,- հայտարարել է Թրամփն ապրիլի 6-ին Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ընթացքում։ ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ ինքը ստիպված չի լինի գնալ այդ քայլին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն