azatutyun.am ժ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է՝ Ընտրական օրենսգրքում իշխանական խմբակցության առաջարկած փոփոխությունները իրենց քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ են:
«Հերթական անգամ ընդամենը մեկ օր առաջ նախագիծ են բերում, որոնցում տեխնիկական փոփոխություն են անում, որոնցից առանցքայինն այն է, որ թույլ չեն տալիս դաշինքներին կոնկրետ մարդու անվանում կիրառել:
Այս կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված, փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անունի կիրառումն այս անվանման մեջ», – այսօր ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստանի» անդամ Գոհար Մելոյանը:
Խորհրդարանն այս պահին քննարկում է ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն առաջարկում են սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր, ինչպես նաև վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։ Իշխանությունից նշում են, որ սա օրենսգիրքը՝ ընտրական գործընթացը բարելավելու նպատակ ունի, խորհրդարանական ընդդիմությունը քննադատել է նախագիծը՝ նշելով, որ քննարկում չի եղել կոնկրետ դրույթի փոփոխության վերաբերյալ, «մեկ գիշերում ոտքի վրա են որոշել»:
Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ այս պահի դրությամբ ընդդիմադիր դաշտում արդեն իսկ 3 խոշոր բլոկ է ձևավորվել՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ -ն, որին միացել են քաղաքական տարբեր ուժեր և գործիչներ: