18-ամյա Դավիթ Մինասյանի վերաքննիչ բողոքը կքննի դատավոր Ադրինե Ղուկասյանը | azatutyun.am

azatutyun.am Անցած շաբաթ երկու ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի վերաքննիչ բողոքի քննությունը մակագրվել է դատավոր Ադրինե Ղուկասյանին: Դատական դեպարտամենտից այլ մանրամասներ չեն փոխանցում, դեռ հայտնի չէ դատական նիստի օրը:

Ծաղկազարդի պատարագին՝ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում, վարչապետ Փաշինյանի նկատմամբ բռնության ու խուլիգանության մեղադրանքով կալանավորված պատանին մեկ շաբաթվա ընթացքում երեք անգամ ուշագնաց էր եղել: Երրորդ ուշաթափությունից հետո նրան հիվանդանոց տեղափոխեցին: Ավարտական դասարանի աշակերտն, ըստ փաստաբանների, լուրջ հիվանդություններ ունի, դրանցից մեկն էլ կալանքի հետ անհամատեղելի է, բայց դատավոր Մնացական Մարտիրոսյանը սա հաշվի չէր առել ու երկու ամսով կալանավորել տղային:

Դավիթի փաստաբանները դեռ անցած շաբաթ տղային կալանքից ազատելու խնդրանքով դիմել էին նաև գլխավոր դատախազին ու Մարդու իրավունքների պաշտպանին: Դատախազությունից դեռ պատասխան չկա, պաշտպանն էլ երեկ հայտարարեց, թե ինքը դատարանի սահմանած կալանքը փոխելու առաջարկ անելու իրավասություն չունի, բայց, հաշվի առնելով Դավիթի առողջական խնդիրներն ու կրթությունը շարունակելու իրավունքը, գրագրություն է վարել՝ նրա նկատմամբ այլ խափանման միջոց կիրառելու նպատակով:

Հիշեցնենք, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել, երբ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ մասնակցում էր Ծաղկազարդի օրվան նվիրված պատարագին։ Մասնավորապես, երբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել․ «Տենց չնայես ինձ»,- դիմել է երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձել ձեռքով հարվածել։

Միջադեպից հետո ձերբակալվել էր երեք անձ։ Նրանց նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում:

Միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տղան անազատության հետ անհամատեղելի հիվանդություն ունի և պետք է գտնվի մոր մշտական հսկողության ներքո։

Ձերբակալվածներ մյուս երկուս անձինք ազատ են արձակվել։ Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով: Մյուս մեղադրյալի՝ Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն