news.am Արդարադատության նախարարության ներկայացուցիչը այստեղ ներկայացնում է, թե խոսքը փոքր վրիպակի մասին է, բայց այդ մի հատ փոքր վրիպակը ընտրություններից երկու ամիս առաջ դարձել է հարց, հայոց հարց, սա մոտավորապես նման է նրան, որ վազքի առաջնությանը վազքուղում մեկ էլ ժյուրին որոշի, որ չէ, կանոնակարգը փոխում ենք, օրինակ, ճաղատները չեն կարող վազել, մենակ կարող են մազ ունեցողները վազել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին նախագծի քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Ընտրություններից երկու ամիս առաջ իշխող ուժը վրիպակ անվան տակ փոխում է խաղի կանոնները։ Այս տրամաբանությամբ հանգիստ կարող են առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, առաջարկեն փոխել, որ ընտրություններին թեկնածու չեն կարող լինել մարդիկ, որոնք կրում են, օրինակ, Գեղամ անունը։ Դուք կարաք անեք դա, որովհետև սահմանագծում չկա ձեր համար։
Ասում են՝ վրիպակ է, Արդարադատության նախարարությունը այդ նախագծերը վերջում տեսել է, հաստատել է, ուղարկել է նախագահին վավերացման, բա ինչի՞ է այդքան մարդ պարգևավճար ստանում լավ աշխատանքի համար, եթե այդպես վրիպակ է թույլ տալիս։
Սա վրիպակ չի։ Վեց օր առաջ դիտորդական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրել է. «իսկ դուք գիտե՞ք, որ նախքան 25 թվական ընտրական օրենսգրքը արգելում էր, որ կուսակցությունների դաշինքները պարունակեն անձնանուններ, սակայն 2024 թվականի դեկտեմբերին ԿԸՀ-ի առաջարկությամբ առանց քաղհասարակության հետ խորհրդակցելու այդ արգելքը հանվում է։ Ինձ ահագին զարմացնում է իշխանությունից որոշների ինքնավստահությունը, որոնք կարծում են, թե կարող են գաղտագողի փոխել ընտրական օրենսգիրքը»։
Այսպես, ձեզ բացատրել են, որ օրենքը փոխել եք, այսօր ձեր համար վտանգ է, դրա համար «վրիպակ» օպերացիան բերել եք, ներկայացնում եք հայ ժողովրդին, իբր բարելավման համար»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն առաջարկել է կուսակցությունների դաշինքների անվանումներում անձնանունների օգտագործումն արգելող և մի շարք այլ դրույթներ սահմանել Ընտրական օրենսգրքում:
Խորհրդարանական ընդդիմությունը նշել է, որ կողմ է փոփոխությանը, բայց անհիմն է համարում նախագծի ընդուման հրատապությունը առաջիկա ընտրությունների ֆոնին:
Այս օրենսդրական նախաձեռնության առիթով ԱԺ-ի դիմաց այսօր հավաք է անցկացրել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը՝ հայտարարելով, որ փոփոխությունները իրենց քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ են: