Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված հայերի իրավունքներին առնչվող հարցերը Պաշտպանի ուշադրության կենտրոնում են. ՄԻՊ | news.am

news.am «Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված բոլոր հայերի, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքներին առնչվող հարցերը մշտապես են գտնվում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում»։ Այս մասին ի պատասխան NEWS. am-ի հարցմանը նշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Լիլիթ Հովհաննիսյանը։

Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կողմից Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային ուղղված` ընդհատված հաղորդագրությունից հետո NEWS.am-ը հարցումներ էր ուղղել տարբեր կառույցների և գերատեսչությունների, այդ թվում՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։

«Մտահոգիչ է նաև այն, որ մեկ ամսից ավելի է, ինչ հրապարակվել են «դատավճիռները», սակայն նրանք դեռ չեն ստացել դատավճիռների տեքստերը: Սա կարող է զրկել նրանց նաև դրանք բողոքարկելու հնարավորությունից: Նման իրավիճակում ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Պատարաստվո՞ւմ եք արդյոք կապ հաստատել

Ադրբեջանի ձեր գործընկերոջ հետ կամ հարցը բարձրացնել օմբուդսմենների միջազգային հարթակում»,-նշված էր մեր հարցման մեջ, որին պատասխանել է Պաշտպանի խորհրդական Լիլիթ Հովհաննիսյանը։

«Տեղեկացնում ենք, որ Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված բոլոր հայերի, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքներին առնչվող հարցերը մշտապես են գտնվում Պաշտպանի ուշադրության կենտրոնում՝ նկատի ունենալով մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքներն ու արժեքները պահպանելու կարևորությունը, անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորման անհրաժեշտությունը և հումանիտար հարցերում մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերակատարությունը։

Հաշվի առնելով հարցի զգայունությունը և Պաշտպանի աշխատակազմի՝ «չվնասելու սկզբունքով» գործելու կարևորությունը՝ համապատասխան աշխատանքները խորհրդապահական են և հրապարակման ենթակա չեն։ Հրապարակման ենթակա տեղեկատվության առկայության դեպքում՝ լրացուցիչ կհայտնենք»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն