Հռոմի պապից մինչև ՄԱԿ գլխավոր քարտուղար արձագանքում են Թրամփի՝ քաղաքակրթություն վերացնելու սպառնալիքներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի համար Հորմուզի նեղուցը բացելու վերջնաժամկետ է նշում Երևանի ժամանակով գիշերը ժամը 04։00-ն։

Պակիստանի վարչապետը խնդրել է Թրամփին երկարաձգել վերջնաժամկետը 2 շաբաթով, իսկ Իրանին՝ բացել Հորմուզի նեղուցը նույն ընթացքում։

Axios-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթին, հայտնում է՝ Թրամփը «տեղյակ է Պակիստանի վարչապետի առաջարկի մասին, արձագանք կլինի»։

Իրանն էլ դրականորեն դիտարկում է Պակիստանի՝ երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ խնդրանքը։ Այդ մասին Reuters-ին հայտնել է Իրանի անանուն բարձրաստիճան պաշտոնյան։

Ավելի վաղ Թրամփը սպառնացել է՝ «մի ամբողջ քաղաքակրթություն կմահանա այս գիշեր՝ պայմանով, որ երբեք հետ չի բերվի»: Այս հայտարարությունից հետո, իրանական հեռուստատեսության փոխանցմամբ, Իրանը սառեցրել է բոլոր դիվանագիտական ուղիները և անուղղակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահը չի իրագործի Իրանի դեմ ուղղված իր սպառնալիքը, և որ Ֆրանսիան դեմ է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներին։

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը խորապես մտահոգված է հայտարարություններով և ընդգծել է, որ ոչ մի ռազմական նպատակ չի արդարացնում «խաղաղ բնակիչներին միտումնավոր տառապանք պատճառելը» կամ ենթակառուցվածքների կործանումը:

Հռոմի Լևոն XIV պապը քննադատել է Դոնալդ Թրամփին․ «Այսօր, ինչպես բոլորս գիտենք, հնչեց այս սպառնալիքը Իրանի ողջ ժողովրդի դեմ։ Սա իսկապես անընդունելի է։

Նշելով, որ հարձակումները խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների վրա արգելված են՝ Amnesty International-ի ղեկավար Ագնես Քալամարդը նշել է, որ ԱՄՆ նախագահի՝ «բնաջնջման և անդառնալի կործանման սպառնալիքը լկտիաբար ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական կանոնները՝ պոտենցյալ աղետալի հետևանքներ ունենալով ավելի քան 90 միլիոն մարդու համար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն