Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով երկարաձգել Հորմուզի նեղուցը բացելու համար Իրանին տրված վերջնաժամկետը, որը լրանում էր այս գիշեր՝ ժամը 04:00-ին:

«Հիմնվելով Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի և ԶՈՒ ղեկավար մարշալ Ասիմ Մունիրի հետ ունեցած զրույցների վրա, որոնց ընթացքում նրանք խնդրեցին հետաձգել այս գիշեր Իրան ուղարկվող կործանարար ուժի կիրառումը, և պայմանով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայնի Հորմուզի նեղուցի ամբողջական, անհապաղ և անվտանգ բացմանը, ես համաձայնում եմ երկու շաբաթով կասեցնել Իրանի ռմբակոծությունն ու հարձակումը։ Սա կլինի երկկողմանի հրադադար»,- գրել Թրամփը Truth Social հարթակում:

Ըստ Թրամփի՝ այս որոշման պատճառն այն է, որ ամերիկյան կողմն արդեն իրականացրել և գերազանցել է բոլոր ռազմական նպատակները և շատ առաջ է անցել Իրանի հետ երկարատև խաղաղության, ինչպես նաև Մերձավոր Արևելքում խաղաղությանհաստատման վերջնական համաձայնագրի հարցում։

«Մենք Իրանից ստացել ենք 10 կետից բաղկացած առաջարկ և կարծում ենք, որ այն աշխատանքային հիմք է բանակցությունների համար։ ԱՄՆ-ի և Իրանի միջև անցյալի տարաձայնությունների գրեթե բոլոր կետերը համաձայնեցված են, սակայն երկշաբաթյա ժամկետը հնարավորություն կտա վերջնականապես ձևակերպել և կնքել համաձայնագիրըi,- նշե; է ԱՄՆ նախագահը:

Նա հավելել է, որ պատիվ է տեսնել այս երկարատև խնդրի լուծման մոտ լինելը:

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով երկու շաբաթ ժամկետում անվտանգ անցումը հնարավոր կլինի Իրանի զինված ուժերի հետ համակարգման միջոցով և տեխնիկական սահմանափակումների պատշաճ հաշվառմամբ։

Նա Իրանի անունից երախտագիտություն է հայտնել Պակիստանի պաշտոնյաներին տարածաշրջանում պատերազմին վերջ տալու ուղղությամբ անխոնջ ջանքերի համար։

«Ի պատասխան վարչապետ Շարիֆի՝ իր թվիթում (գրառման մեջ) արված եղբայրական խնդրանքի, և հաշվի առնելով ԱՄՆ-ի խնդրանքը՝ բանակցություններ վարել իր 15 կետից բաղկացած առաջարկի հիման վրա, ինչպես նաև ԱՄՆ նախագահի հայտարարությունը՝ Իրանի 10 կետից բաղկացած առաջարկի ընդհանուր շրջանակը որպես բանակցությունների հիմք ընդունելու մասին, ես սույնով Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի անունից հայտարարում եմ՝ եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, մեր հզոր զինված ուժերը կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները»,- գրել է Արաղչին:

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն էլ հայտարարել է պատերազմի վտանգի պաշտոնական ավարտի մասին:

Ըստ Շարիֆի՝ անհապաղ հրադադարի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել ամենուր, այդ թվում՝ Լիբանանում և այլուր:

«Ես ջերմորեն ողջունում եմ այս խոհեմ քայլը և իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում երկու երկրների ղեկավարությանը և հրավիրում նրանց պատվիրակություններին Իսլամաբադ ուրբաթ օրը՝ 2026 թվականի ապրիլի 10-ին, շարունակելու բանակցությունները բոլոր վեճերը կարգավորող վերջնական համաձայնագրի շուրջ»,- նշել է Պակիստանի վարչապետը:

Նա հավելել է, որ երկու կողմերն էլ դրսևորել են զարմանալի իմաստնություն ու փոխըմբռնում ու կառուցողական ներգրավվածություն են ունեցել խաղաղության և կայունության գործին աջակցելու հարցում. «Մենք անկեղծորեն հուսով ենք, որ կայուն խաղաղության հասնելու «Իսլամաբադյան բանակցությունները» կհաջողեն և առաջիկա օրերին կհաղորդենք էլ ավելի լավ նորություններ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն